«Մուրադովն ասել էր՝ ականապատ քարտեզները տալու պարագայում կվերադարձնեն բոլոր գերիներին». Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժման», ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է՝ իշխանության գալու դեպքում առաջնային հարցերը լինելու են երկուսը՝ անվտանգային համակարգի արագ վերականգնում և գերիների վերադարձ։
«Գերիների վերադարձի հետ կապված իմ հայտնի հայտարարությունից հետո եղել են շատ շահարկումներ։ Ասում էին, եթե կարող ես գերիների հարցը 2-3 օրում լուծել, ինչո՞ւ չես լուծել։ Բայց եթե հիշում եք իմ հայտարարության մեջ եղել է հետևյալը, որ եթե մենք լինենք իշխանություն և ունենանք իշխանական լծակներ, հնարավորություն ունենանք հանդես գալու պետության կողմից և օգտագործել պետության լծակները, ճիշտ աշխատանքի դեպքում մենք ի վիճակի ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին։ Տեսաք, որ նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ և վերադարձրեց ականապատ քարտեզների դիմաց»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա, եթե հայկական կողմը կարող էր քարտեզները տալ մի քանի ամիս առաջ և գերիներին վերադարձնել հայրենիք, ինչո՞ւ չէր անում։ Ընդ որում, ռուսական կողմից մամուլում եղավ տեղեկություն, որ Մուրադովը հայկական կողմից ուզել է այդ քարտեզները, տարածված տեղեկությունը որևէ մեկը չհերքեց, ուզել է, իսկ ՀՀ ՊՆ-ն ասել է, որ նման քարտեզ չկա։
«Մուրադովն ասել էր, որ այդ քարտեզների վերադարձի պայմանով, նա կարող էր հայրենիք վերադարձնել բոլոր գերիներին։ Այն ինչ մենք ունեցանք Ակնայի շրջանի ականապատ քարտեզների փոխանցում և միայն 15 հայ գերիների վերադարձ։ Այսինքն՝ այս իշխանություններն իրենց այս քայլով չեն փորձել լուծել գերիների ամբողջական հարցը, այլ փորձել են լուծել պահի տակ ռեյտինգ լուծելու հարց»,- հավելեց Արթուր Վանեցյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում