Այս քաղաքական տեռորն ուղղակիորեն ազդում է ՀՀ քաղաքացու առողջության վրա. Արմեն Չարյան
«Ինձ առաջադրված է մեղադրանք, որն ինձ համար բացարձակ անհասկանալի է, որը, ըստ իս, որևէ հանցակազմ չի պարունակում, և իմ խորին համոզմամբ՝ այդ մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ՝ որպես քաղաքական տեռոր… Սկզբունքորեն ցուցմունք չեմ տալիս, չեմ գտնում հարմար իջնել իմ բարձրությունից»,- դատական նիստի ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը:
Արմեն Չարչյանին ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել երեկ, երբ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության ներկայացրած միջնորդությունները՝ Չարչյանին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Դատարանում էլ այսօր ընթանում էր նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ՀՔԾ միջնորդության քննությունը:
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը վստահություն հայտնեց, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի: Վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշումը, թե Չարչյանը կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնից ու խոչընդոտել գործի քննությանը, պրոֆեսորը բացարձակ դատարկություն ու խայտառակություն որակեց:
«Իզմիրլյան» ԲԿ ղեկավարին մեղադրանք առաջադրելու հիմքում ձայնագրությունն էր, որով վերջինս աշխատակիցներին «խնդրել, հորդորել, պահանջել» էր մասնակցել հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հակառակ դեպքում խոստանալով կոշտ վերաբերմունք ցուցաբերել ընտրությանը չմասնակցած աշխատակիցների հանդեպ: Մեղադրանքում նշված է, թե Չարչյանը պարտադրել ու հարկադրել է աշխատակիցներին:
«Դա իմ քաղաքացիական դիրքորոշումն է… Որևէ պարտադրանք կամ որևէ հարկադրանք իմ արած գործողությունների մեջ չկա, որովհետև ես կարող եմ Ձեզ խնդրել, դա պարտադրանք չէ, ես կարող եմ Ձեզ հորդորել, դա պարտադրանք չէ, ես կարող եմ Ձեզնից պահանջել, և դուք իմ պահանջը չկատարեք, դա նույնպես պարտադրանք չէ: Այ, եթե ես Ձեզնից պահանջելուց, խնդրելուց կամ հորդորելուց հետո որոշակի միջոցներով ստիպեմ, որ դուք դա անեք, այդ դեպքում է դա պարտադրանք, բայց իմ ասածի մեջ երբեք պարտադրանք չկա…
Հիմա ես բացատրեմ բոլորիդ, թե ինչ նկատի ունեի՝ կոշտ վերաբերմունք ասելով: Հիմա այստեղ «Իզմիրլյան»-ի ժողովուրդն է հավաքված: Ձեզնից որևէ մեկը, եթե դիմել է ինձ և խնդրել է իր հորը, մորը, ընտանիքի անդամին, իրեն կատարել վիրահատություն կամ հետազոտություն անցկացնել կամ ամենաբարդ գործողությունները անել և դրա համար գումար չեն ունեցել, սկսած ամենաապահով մայրապետից մինչև բաժանմունքի վարիչները, փոխտնօրենները, բոլորի խնդրանքը ես հարգել եմ, և բոլորը անվճար, հիվանդանոցի հաշվին բուժում են ստացել, հետազոտություն են ստացել, ամեն ինչ արել են: Ես հարգել եմ իրենց: Իսկ եթե իրենք չեն հարգի իմ խնդրանքը, իմ հորդորը, ես էլ կոշտ ձևով չեմ հարգի իրենց, հաջորդ անգամ եթե որևէ մեկը կգա, ինձ որևէ բան կխնդրի, ես էլ ուղղակի այդ խնդրանքը շատ կոշտ ձևով ուղղակի չեմ կատարի՝ օրենքի սահմաններում, խստագույնս օրենքի սահմաններում, օրենքի գերակայության տիրույթում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանը:
Արմեն Չարչյանը նախապես մինչև հունիսի 24-ը պետք է լիներ արձակուրդում, ևս 17 աշխատանքային օր էլ լինելու էր արձակուրդում:
«Ես, որ արձակուրդ եմ վերցնում, ադմինիստրատիվ արձակուրդ, դա չի նշանակում, որ ես բարոյական իրավունք եմ ունենում գտնվել մասնագիտական արձակուրդի մեջ: Եթե ես հանրապետությունից դուրս չեմ, իմացեք՝ որտեղ էլ ուզում է լինեմ, ինձ գտնում են, բերում են, ես այդ բուժօգնությունը ցույց եմ տալիս, և այլն: Այդպես եղավ իմ կողմից շատ հարգված Մհեր Խաչատրյանի՝ պարոն Սասուն Խաչատրյանի հոր հետ, երբ որ ես արձակուրդում էի և գտնվում էի Դիլիջանում, 9 ամիս առաջ՝ սեպտեմբերի 6-ին, ինձ զանգեցին, ասեցին՝ «այսպիսի դեպք կա», ես հաճույքով թողեցի իմ ընտանիքը, եկա, ծանոթացա, պատրաստեցինք ամեն ինչ, մյուս օրը եկա, անձամբ վիրահատեցի, ամեն ինչ շատ լավ էր, հետ վերադարձա:
Այսօր այդպիսի պայմանավորված հիվանդ կար, որ ցանկանում էր, որ երկար չտևի իր տառապանքները, որ ես մասնակցեմ վիրահատությանը: Բայց իմ հոգեվիճակը այսօր թույլ չտվեց, որ ես գնամ վիրահատության, ես հետաձգեցի այդ վիրահատությունը, որովհետև ես վախեցա, որ այս հոգեվիճակով կարող է որոշակի սխալ թույլ տամ կամ որոշակի բարդություն անեմ, դրա համար չարեցի: Սա փաստում է, որ այս քաղաքական տեռորը ուղղակիորեն ազդում է Հայաստանի քաղաքացու առողջության վրա»,- ասաց Չարչյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում