Ռոբերտ Քոչարյանի կողմնակից Հրանտ Ավետիսյանին հարցազրույցի պատճառով կանչել են Քննչական կոմիտե
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից Հրանտ Ավետիսյանին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե։
168.am–ի հետ զրույցում Հրանտ Ավետիսյանն ասաց, որ դեռ Քննչական կոմիտե չի գնացել, հարցը քննարկում է փաստաբաննների հետ։
«Ես Tert.am-ին հարցազրույց էի տվել, որտեղ ասել էի, որ ոստիկաններն ավտոբուսով եկել են ընտրատեղամաս։ Հիմա ինձ Քննչականից ասում են, թե ես ասել եմ, որ ոստիկանններին ուղղորդել են, ես էլ բացատրեցի, որ նման բան չեմ ասել, լրագրողը հարցրել է՝ ուղղորդե՞լ են, ես էլ պատասխանել եմ, որ ավտոբուսով են բերել»,- նշեց Հրանտ Ավետիսյանը՝ մանրամասնելով, թե ինչու են իրեն կանչել Քննչականից։
Ի դեպ, երբ Հրանտ Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե, նրա գրառման տակ շատ օգտատերեր գրել էին, որ միայն նրան չեն կանչել, շատերին են կանչել ու կանչելու։