«Բանակցային գործընթացով հարցը չկարգավորվելու դեպքում, կկայացվեն համապատասխան որոշումներ». ԳՇ պետը՝ ադրբեջանցիների ներխուժման և տարածքային զիջումների մասին

Երկար ժամանակ քայլեր են իրականացվում պրոֆեսիոնալ բանակ ունենալու ուղղությամբ, սակայն մոտակա ժամանակներում 100 տոկոսով դրան չենք անցնի: Լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Երևացող ժամանակահատվածում այդպիսի ծրագրեր չկան: Քայլերն արվել են և շարունակում են արվել, բայց մոտ ժամանակներս զորակոչից հրաժարվելու որևէ նախապայման չկա»,- նշեց նա:

Ըստ Դավթյանի, այսօր ամենակարևոր խնդիրը պատերազմից հետո բանակի մարտունակության վերականգնումն է, ինչն իրականացնում են և բավականին հաջողություններ ունեն այդ ուղղությամբ:

Դա վերաբերում է ղեկավարման համակարգին, կորսված սպառազինության, ռազմական տեխնիկան շարք կանգնեցնելուն, շատ ակտիվ ուսումնասիրվում է նաև պատերազմի փորձը:

«Այն, ինչ հնարավոր է ներդնել բանակում, մասնավորապես մարտական պատրաստականության մեջ, դա արդեն սկսել ենք իրականացնել: Դա մի գործընթաց է, որը, չի կարելի ասել՝ ավարտելու ենք մեկ ամսից կամ մեկ տարում»,- շարունակեց ԳՇ պետը:

Անդրադառնալով Ադրբեջանի զինուժի ՀՀ տարածք ներխուժմանը, և տարածքային զիջումների մասին խոսակցություններին, Արտակ Դավթյանը վստահեցրեց՝ բանակցային գործընթաց է գնում, մեր տարածքում ոչ մի զիջում չեն պատրաստվում անել:

«Զիջումներ չեն լինի, հարցը, հուսով ենք, կկարգավորվի բանակցային գործընթացով: Բանակցային գործընթացով հարցը չկարգավորվելու դեպքում, կկայացվեն համապատասխան որոշումներ»,- ընդգծեց ԳՇ պետը՝ հավելելով, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների ընդհանուր թիվը մնացել է նույնը, ինչի մասին ասվել է՝ չի անցնում 1000-ը:

«Բանակը պատրաստ է ուժային տարբերակով հարցը լուծել, բայց դա ոչ ցանկալի տարբերակ է՝ հաշվի առնելով այս պատերազմում մեր կրած կորուստներ»,- ընդգծեց Արտակ Դավթյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են, գողանում մեր անասուններին, ԳՇ պետն արձագանքեց. «Անասուններն իրենք են արածելիս անցել իրենց վերահսկողության տակ, որոնց մի մասը բանակցության արդյունքում վերադարձվել է, մնացածի շուրջ աշխատանքներ տարվում են: Այնպես չի, որ հակառակորդի մի խումբ մտել է ու անասունները գողացել, տարել է»:

Տեսանյութեր

Լրահոս