Մանդատներից հրաժարումը քաղաքական ճգնաժամ կառաջացնի. Սահմանադրագետ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը նվիրված ԿԸՀ արտահերթ նիստում տեղեկացրեց՝  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

Այսպիսով, խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը:

Լրագրողները ճեպազրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է սպասվում, եթե ընդդիմադիր ուժերը չվերցնեն իրենց մանդատները, Տ. Մուկուչյանը մանրամասնեց. «Նշանակում է՝ մանդատ չեն ստանա. խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք որ կան»:

Հարցին էլ՝ արդյո՞ք օրենքի բաց կա՝ նա դժվարացավ պատասխանել՝ նկատելով, որ չեն ուսումնասիրել այդ խնդիրը:

168.amի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանն նշեց, որ  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ, իսկ թե ինչ հետևանքներով՝ մանրամասնեց.

«Դա քաղաքական ճգնաժամ կառաջացնի, բայց խորհրդարանը լուծարելու հիմք չի  հանդիսանա: Կստացվի հակասահմանադրական իրավիճակ, որ խորհրդարանը միայն մեկ ուժից է բաղկացած՝ առանց ընդդիմության»:

Սահմանադրագետը, սակայն, հավելեց, որ օրենքն այդ դեպքում ոչ մի բան չի նախատեսում. «Սա ուղղակի արտառոց իրավիճակ է»:

Տեսանյութեր

Լրահոս