ՀՀԿ-ի կարգախոսն ուղղված է իրենց ու իրենց հովանավորներին
Հայաստանում ընտրություներ կա՞ն, որ կարգախոսն էլ հաղթի: Մեզանում նման երևույթները չեն գործում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության նոր՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսին:
«Երբ մասնավորապես իշխող կուսակցությունից կարգախոսներ կամ թեզեր են հնչում, դրանք ոչ թե զանգվածներ հավաքելու համար են արվում, այլ մեկ ուրիշ նպատակ են հետապնդում: Կարծում եմ՝ այդ ելույթը ստանդարտ էր՝ զարգացած պետություն, կոռուպցիա, և այլն: Ստանդարտ բոլոր երկրների համար, որտեղ իրենք քողարկում են իշխանության բուն նպատակները, խնդիրները»,- ասաց Մ. Սարգսյանը:
Մեր հարցին, թե ո՞ւմ է ուղղված ՀՀԿ-ի նոր կարգախոսը, քաղաքագետը պատասխանեց. «Իրենց և իրենց հովանավորներին: Օրինակ, տեսա՞ք, ՌԴ-ից անմիջապես շնորհավորական նամակ ստացան»:
Դիտարկմանն ի պատասխան, թե քաղաքացիական որևէ շերտին այս կարգախոսը չի՞ առնչվում, Մանվել Սարգսյանը նշեց, որ քաղաքացիների կարծիքը, ցավոք, հաշվի չի առնվել: «Քաղաքացիների կարծիքը ո՞վ է հաշվի առնում: Եթե չկա ազատ քվեարկություն, չի կարող լինել գաղափարական պայքար: Քաղաքացիներն ամեն ինչ այնքան լավ գիտեն, քաղաքական անցուդարձն այնքան լավ գիտեն՝ ո՞վ ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ է անում, որ այն ոչ մի կարգախոս փոխել չի կարող»,- հավելեց նա:
Ի պատասխան մեր հարցին, թե ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն ու կարգախոսը քաղաքացիների կյանքում «բեկումնային» փոփոխության չե՞ն հանգեցնի, քաղաքագետն ասաց, թե «իրենց կյանքում փոփոխություն հնարավոր է լինի, բայց հասարակ մարդկանց կյանքում՝ ոչ»: