Ընտրությունների ընթացքը խաթարող բոլոր անձինք պետք է չկասկածեն, որ իրենց գործողությունները մանրամասն հետաքննվելու ու պատժվելու են օրենքի ողջ խստությամբ. Սոս Հակոբյան

««Պատիվ ունեմ» դաշինքն արձանագրում է, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների և աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ իրականացվել են ակնհայտ ապօրինի խուզարկություններ և ձերբակալություններ, որոնց մեծ մասը դատական ատյաններն արդեն չեղարկել են, իսկ ժամը 15:45-ի դրությամբ գերազանցապես մարզային ընտրատեղամասերից շարունակում են ստանալ բազմաթիվ ահազանգեր պաշտոնատար անձանց կողմից ուղղորդումների, ճնշումների վերաբերյալ. «Մեր բոլոր թիմակիցներին ու համակիրներին կոչ ենք անում հետևել օրենքի տառին ու շարունակել պատվով կատարել իրենց վստահված աշխատանքը:

Հատկապես ցավով ենք տեղեկանում մեր զինծառայողների՝ շարքայիններից մինչև սպայակազմի նկատմամբ կապիտուլյանտ իշխանությունների կողմից կիրառվող կազմակերպված ճնշման համատարած դեպքերի մասին:

Ընտրությունների օրինական ընթացքը խաթարող բոլոր անձինք պետք է չկասկածեն, որ իրենց գործողությունները մանրամասն հետաքննվելու ու պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Հույս ենք հայտնում, որ տարբեր ընտրատեղամասերից ու դիտորդներից ստացվող տեղեկություններն ու փաստերը՝ առ այն, որ «Պատիվ ունեմ» դաշինքի 6-րդ համարի քվեաթերթիկի վրա առկա և օրենքով չնախատեսված հետքերը կամ նշումները պատրվակ չեն դառնա այդ քվեներն անվավեր ճանաչելու համար: Ընտրություններից հետո այդ ամենը նույնպես պետք է դառնա քննության առարկա»:

Սոս Հակոբյանը քաղաքացիներին կոչ արեց չվախենալ և այսօր մինչև 20:00-ն գնալ ընտրատեղամասեր ու  կատարել ընտրություն, քանի որ այդ ընտրությունից է կախված Հայաստանի  և Արցախի ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունը, ազգային համերաշխության վերականգնումը և ինքնության պահպանումը:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ «Հայրենիք» կուսակցության խոսնակը մանրամասնեց, թե ինչ խախտումների մասին է խոսքը. «Մենք արտակարգ ռեժիմով հենց հիմա շարունակում ենք ստանալ տեղեկություններ մի քանի ընտրատեղամասերից՝ օրինակ, քվեաթերթիկների վրա կնիքների բացակայության մասին, բացի այդ՝ արդեն նշել ենք, որ կան դեպքեր, երբ գործող պատգամավորները քաշքշուկներ են հրահրում ընտրատեղամասերում: Այդ խուլիգանական վարքագծի հետևանքով փոխանակ պատժվեն դրանք հրահրողները, լինում են դեպքեր, երբ մեր վստահված անձանց են հրավիրում ոստիկանական բաժանմունքներ՝ ինչ-որ բացատրություններ տալու:

Լինում են դեպքեր, երբ խոչընդոտում են ընտրությունների ընթացքը. գալիս են մարդիկ, փորձում են ուղղորդումներ անել, ծագում են վեճեր, և դա ոչ մի կերպ չի հանգուցալուծվում կարճ ժամանակում. իբր սխալմամբ տանում են մեր վստահված անձանց՝ բացատրություններ պահանջելու՝ անգամ բերման ենթարկելով, որոշ ժամանակ անց բաց են թողնում, բայց հասկանալի է, որ այդ ընթացքում կորչում են ժամեր:

Վարչական ռեսուրսի օգտագործման մասին նշել էինք, որ ուղղորդումները հատկապես շատ ակնառու են զինծառայողների նկատմամբ. դրանք արձանագրվում են, բայց հասկանալի է՝ դրանք  սովորական և տեխնիկական խախտումներ չեն. դրանք խախտումներ են, որոնք կարող են հստակորեն ազդել ընտրությունների արդյունքի, ելքի վրա»:

Սոս Հակոբյանը վստահեցրեց, որ աչալրջորեն հետևելու են գործընթացին, իսկ առայժմ վստահեցրեց. «Վստահեցնում եմ բոլորին,  առաջին հերթին՝ այս իշխանություններին, իրավապահ մարմիններին, որ բոլոր խախտումների մասով օրենքով սահմանված կարգով պատասխան են տալու բոլորը»:

Տեսանյութեր

Լրահոս