Բաժիններ՝

Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակելու դեպքով հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

2021թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ատոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է կրակված փամփուշտի պարկուճ, իսկ ավտոմեքենայի սրահից` փամփուշտից արձակված գնդակի պատյան:

Նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս