Սա ընտրություն է արժանապատիվ խաղաղության՝ մի կողմից,  ծնկաչոք խայտառակության՝ մյուս կողմից

Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի այսօրվա հրավիրած հանրահավաքի ժամանակ դաշինքի ղեկավար, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ երբ դատարանի առջև հավաքվում էին իրեն սատարողները, ընդդիմախոսները հայտարարում էին, որ բոլորը պիցցայակերներ են և այնտեղ են գնացել պիցցա ուտելու համար։

«Հիմա չեմ կարծում, որ Հայաստանում և առհասարակ Հարավային Կովկասում բավարար պիցցա կա՝ այսքան մարդկանց կերակրելու համար։ Սիրելի ժողովուրդ, այսօր քարոզարշավի վերջին օրն է, իմ գործընկերներն արդեն ասացին, որ արդեն եղել ենք ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում, բազմաթիվ գյուղերում, հիմա շատ ավելի լավ գիտենք, թե ինչպես եք դուք ապրում, ինչ խնդիրներ ունեք, ինչ խնդիրներ կան մեր երկրի առջև։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հանդիպել են մեզ հետ, օգնել են մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում, ոգևորել են մեզ այս պայքարի ընթացքում»,- ժողովրդին դիմելով՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը քարոզարշավը սկսել է և այն ավարտում է  հաղթարշավով։

«Ժողովուրդ ջան, սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար։ Երկրի առջև կանգնած է չորս հիմնական խնդիր, առաջինը՝ երկրի պաշտպանությունն է և սահմանների անվտանգությունը, երկրորդը՝ Ղարաբաղի ապագան է, երրորդը՝ երկրի տնտեսական վիճակն է՝ գործազրկությունը, արտագաղթը և աղքատությունը, և չորրորդը՝ ներքաղաքական լարված մթնոլորտը՝ ատելությունը, որը երեք տարի շարունակ սերմանում էր այս իշխանությունը։ Այս իշխանությունն ի վիճակի չէ այս հարցերին տալ լուծումներ, որովհետև նա է այդ խնդիրներն առաջ բերել, մենք եկել ենք վերջ տալու այդ ամենին։ Այս ընտրությունները՝ ընտրություն է արժանապատիվ խաղաղության՝ մի կողմից, ծնկաչոք խայտառակության՝ մյուս կողմից։ Սա ընտրություն է տնտեսական վերելք ունենալու մեջ և տնտեսական ճգնաժամը խորացնելու մեջ։ Սա ընտրություն է համերաշխության և թշնամանքի, մենք մերժում ենք բոլոր այն երևույթները, որոնք մեզ բերել ու հասցրել են այս տխուր վիճակին»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի գնահատմամբ՝ «Հայաստան» դաշինքն այն թիմն է, որը, ի տարբերություն այսօրվա իշխանության, ունի փորձ, կամք, գիտելիք։

«Այսօրվա քաղաքական վերնախավը պիտանի է միայն մեկ բանի համար, իրենք կարող են միայն որպես վատ օրինակ ծառայել, ուրիշ ոչինչ։ Ուրեմն՝ վստահեք մեզ, հնարավորություն տվեք մեզ ստանձնել երկրի պատասխանատվությունը երկրի ապագայի համար, առաջ մղել Հայաստանը, վերակառուցել հզոր բանակ, հզոր տնտեսություն։ Ուրեմն հունիսի 20-ին՝ համար 24, մենք պետք է սահմանենք հերթապահություն նաև գիշերը, որովհետև այս սրիկաներն ընդունակ են ամեն ինչի»,- շեշտեց Ռ. Քոչարյանը և խոսքը եզրափակեց «շնորհակալություն, ձեր ցավը տանեմ, ամեն ինչ լավ է լինելու» արտահայտությամբ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս