«Վկաների  ցուցմունքներն արդեն իսկ ապացուցում են, որ այդ «տուշոնկա» կոչված օպերացիան հնարածին է». Մանվել Գրիգորյանի փաստաբան

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր լուսահոգի Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը շարունակվում են։

168.amի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նրա մահից հետո օրենքի ուժով գործը ենթակա էր կարճման, սակայն վերջինիս մերձավորները, այդ թվում՝ պաշտպանական թիմը, պնդել են, որ այդ գործը չպետք է կարճվի, և դատարանն այն պետք է քննի, մինչև հասնեն արդարացման։

«Հիմա դատական գործընթացը շարունակվում է յուրաքանչյուր երեքշաբթի օր։ Կապված ԱԺ արտահերթ ընտրությունների հետ, մեկ նիստ տեղի չի ունեցել։ Մենք այժմ գտնվում ենք վկաների լսման փուլում, վկաները դատական նիստերին տալիս են ցուցմունքներ։ Վկաները չեն տվել այնպիսի ցուցմունք, որով կարող են ապացուցել գործում առկա մեղադրանքը, նրանց վկայություններն արդեն իսկ ապացուցում են այն հանգամանքը, որ այդ «տուշոնկա» կոչված օպերացիան հնարածին է։

Ավելին՝ վկաները ցուցմունք են տալիս, որ երբ վարույթ իրականացնող մարմինն իրենց կանչել է հարցաքննության, անգամ այդ տուշոնկաներն իրենց ցույց էլ չեն տվել։ Իսկ գործում, որպես ապացույց դրված է՝ կհիշեք, Հանրային հեռուտաընկերությամբ ցույց տված սնունդը։ Ամիսներ առաջ հրապարակավ հայտարարություն արվեց, որ այդ ամենը մոնտաժված կադրեր են։ Վերջին դատական նիստում ապացուցվեց, որ այն սնունդը, որը ներկայացվել է իբր թե Մանվել Գրիգորյանի Էջմիածնում գտնվող տանը, դա եղել է Արցախի այն տարածքում, այն շինության մեջ, որը եղել է առաջնագծում, որը, ցավոք, այսօր գտնվում է հարևան մելիքության հսկողության տակ»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանի խոշտանգման և ապօրինի կալանքի փաստով գործն արդեն գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում։

«Ես՝ որպես իրավապաշտպան, փաստաբան, բարձրաձայնել եմ ու բարձրաձայնում եմ, որ Հայաստանում պետք է բացառել փողոցի արդարադատությունը, ընտրովի արդարարդատությունը։ Այս ամենով մենք ոչնչի չենք հասնի, օրինակ վերցնենք այսօրվա իրավիճակը՝ երեք տարի առաջ գործող իշխանությունն ինչ իրավիճակում էր, այսօր ինչ կարգավիճակ ունի։ Վաղը նոր իշխանություն է գալու, 30 տարի մենք նրանց կա՛մ սրբացնում ենք, կա՛մ ման ենք գալիս հերոսներ, հետո նրանց փորձում ենք նսեմացնել։ Մանվել Գրիգորյանի գործունեության հետ կապված պատմությունն իր հետագա գնահատականը կտա, որպես Արցախի պատերազմի հերոս։ Ուղղակի կարել քրեական գործ և փորձել նսեմացնել անձին, կարծում եմ՝ հարիր չէ սոցիալական կոչվող երկրի համար»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։

Տեսանյութեր

Լրահոս