Փաշինյանի ֆենոմենը․ ինչպես կարողացավ քանդել բոլոր պետական ինստիտուտները և դա ներկայացնել որպես բարեփոխում, ինչպես երկիրը տարավ պարտության և որոշ անձանց ներշնչեց, որ մեղավորը նախկիններն են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շատերին հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը, թե ինչպես Գյումրիից քայլելով հասավ Երևան ու իշխանություն վերցրեց, ինչպես նախկինների մերժման լոզունգը թեժ պահեց 3 տարի, թե ինչպես կարողացավ քանդել բոլոր պետական ինստիտուտները և դա ներկայացնել որպես բարեփոխում, թե ինչպես երկիրը տարավ պարտության և այսքան կորուստներից հետո հասարակության որոշ հատվածի ներշնչեց, որ այդ պարտության մեղավորը նախկիններն են։ Թե ինչպես է կարողանում այս պարտությունից ու ցավալի կորուստներից հետո մնալ երկրի ղեկին, ավելին՝ շրջել երկրով մեկ, հոխորտալ ու սպառնալ, միաժամանակ վստահորեն պնդել, որ վերարտադրվելու է։

Իրոք սա ֆենոմենալ, պատմության մեջ չկրկնվող տեսակ է, որը հարկավոր է ուսումնասիրել։ Բայց այս կերպարը ճանաչելու համար հարկավոր է մի քանի նրբություն հաշվի առնել։ Այն, որ նա ո՛չ հիմար է և ո՛չ էլ գիժ։ Կարող է, իհարկե, եթե իր շահերից է բխում, և՛ հիմար ձևանալ, և՛ գիժ, բայց նա արթուն միտք ունի և օձի խելք ու դրանք անշեղորեն ծառայեցնում է իրեն ու օգտագործում իր հակառակորդների դեմ։ Նա նաև համառ է և, ամենակարևորը՝ «ինադի» մեծ վարպետ է։

Նա Սահմանադրական դատարանի նախագահի ինադու ՍԴ-ի դեմ եռամյա պայքար ծավալեց ու հսկայական ռեսուրսներ վատնեց, իր համար օտար կառավարման ապարատի ինադու կառուցվածքային բարեփոխումներ արեց և ամբողջ նախարարություններ վերացրեց։ Իրեն չենթարկվող դատավորների ինադու՝ ԲԴԽ նախագահ ու Դատական օրենսգիրք փոխեց, կաթողիկոսի ինադու՝ եկեղեցու դեմ շարժում սկսեց, բուհերի ինադու՝ Բարձրագույն կրթության խայտառակ օրենք ընդունեց, լրագրողների ինադու՝ խաղային բիզնեսի գովազդն արգելեց։ Սյունեցիների ինադու՝ Սյունիք գնաց, Ռոբերտ Քոչարյանի ինադու՝ խայտառակ քարոզարշավ արեց և մուրճը ձեռքն առավ»,-գրում է թերթը։

Տեսանյութեր

Լրահոս