«Գազպրոմ Արմենիան» ապաքաղաքական կառույց է՝ որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում». Ընկերության մամուլի խոսնակը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձոր կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ որոշ ընկերություններից տեղեկություններ են ստանում, որ նրանք իրենց աշխատակիցների վրա ճնշում են գործադրում կոնկրետ ուժի ընտրելու համար՝ այս համատեքստում նշելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք, 500.000 դրամ պարգև այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու-ստանալու փորձ կնկարահանեն։ Նաև՝ կպարգևատրվեն պետական և ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից ընտրողի վրա ապօրինի ճնշում գործադրելու պահը տեսանկարահանողները։

Շատ ահազանգեր են գալիս, որ, օրինակ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, ղեկավարությունից, մարդկանց պարտադրում տանում են հանրահավաքի, կամ ստիպում են, որ պետք է ընտրել որևէ մեկի և այլն, և այլն։ Ես հույս ունեմ, որ այս արձանագրումը չի հաստատվի, որովհետև եթե հաստատվի, դա շատ ուրիշ բան կնշանակի, որը շատ ծանր հետևանքներ կունենա, և ես ինչպես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատի համար եմ ասում, «Գազպրոմ Արմենիայի» ցանկացած աշխատող, ով այդպիսի գործունեությամբ կզբաղվի՝ մինչև հուլիսի 15-ը կազատվի աշխատանքից, էլ չեմ ասում քրեական պատասխանատվության մասին։ Չհասկացա՞նք, «Գազպրոմ Արմենիան» Հայաստանում կարող է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ աշխատի՞, մտքներովդ չանցնի, կդատվեք, հատ-հատ։ Էդ, որ աշխատանքից կազատվեք, էդ ընդհանրապես քննարկման թեմա չէ, բայց որ կդատվեք, խմբերով կդատվեք, տրցակներով կդատվեք… ինչ պրոմ ուզում է լինի, ուրեմն թող ինքն իմանա, որ կպրոմացնենք, հանկարծ չշշկռվեն, զգուշացնում եմ ամենայն լրջությամբ»,- իր խոսքում նշել է  Նիկոլ Փաշինյանը։

168.am«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի խոսնակ Միքայել Հարությունյանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել է, թե այս ամենը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, որևէ ճնշում կա՞ իրենց աշխատակիցների նկատմամբ, որպեսզի կոնկրետ ուժի ընտրեն։ Նաև Մ. Հարությունյանից հետաքրքրվել էինք՝ Կառավարությունն ունի՞ լծակներ մասնավոր ընկերությունից որևէ աշխատակցի աշխատանքից հեռացնելու համար, և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անում, արդյո՞ք սրանով նա թիրախավորել է ընկերությանը։

Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ Միքայել Հարությունյանը տվել էր հետևյալ կարճ պատասխանը. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում»։

Տեսանյութեր

Լրահոս