Փաշինյանը Հայաստանի գլխին լրացուցիչ հայցեր է բերում
2018 թվականից Փաշինյանի կառավարությունն ապականեց երկրի գործարար և ներդրումային միջավայրը, իսկ այժմ անցել է օտարերկրյա նեդրողներին սպառնալիքներ ներկայացնելու գործընթացին։ Փաշինյանը հարձակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» և «Գազպրոմ Հայաստան»–ի վրա` ներկայացնելով առարկայազուրկ մեղադրանքներ և սպառնալիքներ, առանց գիտակցելու նման անպատասխանատու հայտարարությունների կործանարար հետևանքները։ Փաշինյանի թիրախում կարող են հայտնվել նաև այլ օտարերկրյա ներդրողներ։
Փաշինյանը չի ընկալում, որ այս երկու ներդրողները հանդիսանում են Հայաստանի ամենախոշոր հարկատուները և գործատուները։ Այս ապիկար կառավարությունը նաև չի գիտակցում, որ Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ` ստեղծելու նպաստավոր պայմաններ ներդրողների համար։ Սկսած 2018 թվականից՝ Փաշինյանի կառավարությունը փաստացի ներդրողների համար չի ապահովում արդար ու անաչառ վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն («Լիդիան», «Սանիթեք» և այլն)։
Բացի, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» և «Գազպրոմ Հայաստան»–ի բաժնետերերն իրավունք ունեն հայցեր ներկայացնել ընդդեմ Հայաստանի կառավարության տարբեր միջազգային դատարաններում, այլև նրանք կարող են օգտագործել դիվանագիտական պաշտպանության գործիքները, իսկ դա արդեն կբերի միջպետական խնդիրների։ Ըստ ամենայնի, Փաշինյանը միտումնավոր է հրահրում նմանատիպ միջազգային սկանդալներ։
Փաշինյանի կառավարությունը պետք է հեռանա օր առաջ, քանի որ չի կարողացել վարել ներդրումները օժանդակող և խթանող, ինչպես նաև ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականություն։ Ավելին, այս կառավարության գործողությունների արդյունքում Հայաստանի գլխին կկախվեն միլիոնների հասնող վնասի հատուցման պահանջներ, որոնք վերջին հաշվով վճարելու են բոլոր հարկատուները։
Փաշինյանը փաստացի միտումնավոր խոչընդոտում է ներդրումների ծավալների մեծացմանը, որը կարող էր ապահովել երկրի տնտեսական կայուն զարգացումը:
Սարգիս Գրիգորյան
GPartners իրավաբանական ընկերություն