«Այդ բառապաշարը Նիկոլ Փաշինյանն է թելադրել, հետևաբար` նույն հարթությունում էլ պատասխանն անպայման պետք է ստանար». Մեղրիի համայնքապետ

Սյունիքի մարզ հունիսի 15-ին կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սյունիքի մարզի որոշ համայնքապետերի սպասում է  քրեական օրենսգիրքն ու քրեակատարողական հիմնարկները։ Չնայած, այցի ժամանակ նա իր մուրճով չէր, սակայն ելույթները ինչպես միշտ սպառնալիքներով լի են, այս անգամ ուղղված, նրա իսկ բնորոշմամբ՝ Սյունիքի ակտիվ համայնքապետերին։

168.amի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նկատեց՝ տարբեր կերպ է գնահատում Գորիսում, ապա Մեղրիում, Ագարակում ու Քաջարանում արած հայտարարարություններըը։

«Իր ասած քրեակատարողական հիմնարկ, Քրեական օրենսգիրք և այլն, հասկանալի չէ, բայց ընկալելի է, թե ինչ է ուզում ասի, կարելի է այս ամենին նորմալ վերաբերվել, խնդիր չկա։ Եթե որևէ հանցակազմ է տեսնում, իր իրավունքն է՝ դիմի, հանձնարարի, որը և անում է։ Բայց նա Ագարակում, Մեղրիում, Քաջարանում իրեն անշնորք փողոցայինի նման պահեց, ասում էր, թե՝ պառկեցնելու ենք ասֆալտին, դուրսպրծուկներ և այլն։ Գիտեք, այդ մարդը, բացի այն, որ մեր օրենսդրությունը չգիտի, իր գործը չի կարողանում անի, այլև չգիտի՝ ավանդույթը, հարգանքն ինչ է, չգիտի՝ համայնքում ինչ կարելի է խոսել, ինչ չի կարելի։ Տարրական բան չի հասկանում, որ ընտրված՝ 90-95 տոկոս վստահություն ստացած համայնքապետի վերաբերյալ նման կերպ չի կարելի արտահայտվել։ Չի՛ կարելի մտնել այդ փողոց, քաղաք, որտեղ ծնվել է համայնքապետը, և նման անշնորհք, փողոցային արտահայտություններ անել»,- նշեց Մխիթար Զաքարյանը։

Ըստ նրա, երեկվա իր այն ասածը, թե «Նիկոլ Փաշինյանն իսկի չի կարողանում իր կնոջը պառկեցնի, ինչպե՞ս կարող է իրեն պառկեցնել», քաղաքական պայքարի տրամաբանությունից դուրս է։

«Այդ բառապաշարը Նիկոլ Փաշինյանն է թելադրել և ամեն ինչ փոխադրել է փողոցային հարթություն, հետևաբար՝ նույն հարթությունում էլ պատասխանն անպայման պետք է ստանար։

Եթե ես լսեի, որ նա միայն ասում է՝ քրեակատարողական հիմնարկներն են սպասում համայնքապետերին, կհամարեի, որ նա մոլորության մեջ է կամ քաղաքական տրյուկ է անում, այսինքն՝ սա ինչ-որ տեղ կարող էի հասկանալ։ Բայց եթե եկել ու փողոցային բառապաշարով լեզվակռիվ է անում, հաճելի չէ, բայց խուսափել էլ չէր լինի։ Վերջին շրջանում Հայաստանում այդպիսի ստուգող կազմակերպություն չկա, որ չենք ընդունել ու ճանապարհել, համայնքապետարանում էլ, մեր ընտանեկան բիզնեսում էլ տեսնում ենք, որ, փառք Աստծո, ստուգողներն իր նման թերուս չեն, գալիս-ստուգում, արձանագրում են և որևէ իրավախախտում չեն գտնում։ Մենք որևէ մտավախություն չունենք, հետո էլ մի քանի օր մնաց, հուսանք՝ այս մղձավանջից երկիրը կազատվի, կսկսի վերականգնվել, շնչել»,- նշեց Մխիթար Զաքարյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, եթե որևէ իրավախախտում է թույլ տվել, ապա իրավապահ մարմինները կարող են դրանով զբաղվել, հետևաբար՝ դժվար է մեկնաբանել անհավասարակշիռ ու հոգեկան գրգռված վիճակում գտնվող մարդու հայտարարությունները։

«Ես որևէ պաշտոնի, քաղաքականության խաթր չեմ պատրաստվում կուլ տալ այդպիսի վիրավորանքներ, մենք ամեն ինչից առաջ մարդ ենք, տղամարդ ենք, չի կարելի մտնել մարդու ծննդավայր, որտեղ մարդը կենսագրություն է կերտել, ու այդպես փողոցային բառապաշարով արտահայտություններ անել»,- շեշտեց նա։

Հարցին՝ ընտրություններից 2-3 օր առաջ հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքի որոշ համայնքնապետեր, այդ թվում՝ ինքը, հայտնվեն քրեակատարողական հիմնարկում, Մխիթար Զաքարյանը պատասխանեց՝ ամեն ինչ էլ հնարավոր է։

«Ամեն ինչ սպասելի է, ամեն ինչ։ Երեկվա նրա այդ այցն էլ ամբողջովին սադրանք էր, բայց մենք կարողացանք ամեն ինչ բարեհաջող անցկացնել՝ չտրվեցինք սադրանքների։ Տեսեք, նա Սյունիք էր եկել 400 մեքենայով, մարդատար ու միկրոավտոբուսներն իրար հետ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, կարծես թե Սյունիքի վրա հարձակում էր եղել»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։

Տեսանյութեր

Լրահոս