«Եթե նույնիսկ առանց միջնորդների լիներ, կարծում եմ՝ հայկական կողմը կհամաձայներ 15 գերու դիմաց այդ քարտեզները հանձնել Ադրբեջանին». Միջազգայնագետ

Բաքվում պահվող հայ ռազմագերիներից ևս 15-ը հունիսի 12-ին վերադարձան հայրենիք: Այս տեղեկատվությունն առաջինը հայտնեց Բաքուն, նշելով, որ տղաները փոխանակվել են Ակնայի ականապատ քարտեզների հետ, այնուհետև քարոզարշավի ընթացքում լուրը հաստատեց Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով վերադարձած տղաների լուսանկարը՝ դեմքերը բաց։

Ւսկ արդեն երեկոյան Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը։

168.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված Միացյալ Նահանգների դերակատարությանը, նկատեց՝ իրականում գերիների փոխանակում է տեղի ունեցել, Բաքուն Հայաստանին տվել է 15 ռազմագերի, ինչի դիմաց Հայաստանը տվել է ականապատ տարածքների քարտեզ։

«Ես չգիտեմ՝ որևէ մեկը գիտի՞, թե ինչ ականապատ տարածքների մասին է խոսքը։ Բայց այստեղ վրացիներն ու ամերիկացիները զուտ միջնորդություն են արել, միջնորդություն ցանկացած այլ պետություն կարող էր անել։ Եթե նույնիսկ առանց միջնորդների լիներ, կարծում եմ՝ հայկական կողմը կհամաձայներ 15 գերու դիմաց այդ քարտեզները հանձնել Ադրբեջանին։ Ըստ իս, այստեղ իրավիճակը չպետք է ուռճացնել կամ օգտագործել փիառ նպատակներով։ Ունենք այն, ինչ ունենք, բայց փաստը մնում է փաստ, որ ոչ թե գերիները վերադարձել են, այլ փոխանակվել են ականապատ քարտեզներով»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա, այս գործընթացում շատ հետաքրքիր է Վրաստանի գործունեությունը․ Վրաստանը, որպես Հայաստանի և Ադրբեջանի հարևան պետություն՝ որոնց հետ ունի լավ հարաբերություններ, միջնորդական ինչ-որ առաքելություն է իր վրա վերցրել։ Իսկ Միացյալ Նահանգներն էլ այս ստանձնած պատասխանատվության  համար երևի օժանդակել է վրացական կողմին։

«Այնպես որ,  չեմ կարծում՝ սա Միացյալ Նահանգների նախաձեռնությունն է, սա առավելապես կարելի է դիտարկել վրացական նախաձեռնություն, որն աջակցություն է ստացել նաև Միացյալ Նահանգների կողմից»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս