«Դատական համակարգը դեռ չի հասել այն անկախությանը, որին մենք ուզում ենք ձգտել». Նիկոլ Փաշինյան

Չարենցավանում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իրենց ուղղվող սուր  հարցադրմանը,  թե  ինչու մինչ օրս որոշ մարդիկ  չեն դատապարտվել:

«Այստեղ կա 2 մաս. առաջին՝ մենք ՀՀ-ում գործարկում ենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, որն այս տարի արդեն լիարժեք մտնում է ուժի մեջ, երկրորդ՝ այո, մենք կարծում ենք, որ դատական համակարգում եղել են նաև շատ կասկածելի որոշումներ: Կառավարությունը սկզբունքորեն իրավունք չունի գնահատական տալու այդ որոշումներին: Բայց ժողովուրդը գնահատական տալու իրավունք ունի: Եվ դուք կարող եք հունիսի 20-ի ընտրություններում նաև այդ գնահատականը հնչեցնել: Մենք համաձայն ենք նրա հետ, որ դատական համակարգը, ցավոք, դեռ չի հասել այն անկախությանը, որին մենք ուզում ենք ձգտել: Բայց դատական համակարգը էականորեն փոխվել է, և այս անցումային շրջանում մենք տեսնում ենք, որ ի հայտ են գալիս ինչպես սկզբունքային, օրենքի և իրավունքի վրա շատ ամուր հենված դատավորներ, այնպես էլ ի հայտ են գալիս այլ դատավորներ, որոնք ակնհայտ ծառայում են ուրիշ շահերի»,- նշեց նա և հավելեց, որ դատարանը պետք է օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատի, և որ իրենք նման պայմաններ ստեղծելու են ազնիվ դատավորների համար:

«Բայց նրանք պետք է իմանան, որ կառավարության առաջ պատասխանատուն չեն, բայց ժողովրդի առաջ պատասխանատու են»,- ընդգծեց Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս