«Սա հետևանք է այն անբարո քաղաքականության, որը վարում է այս ապաշնորհ իշխանությունը». Վարդան Ոսկանյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Սյունիքի անվտանգության, թուրքական հատուկ ջոկատայինների մարզ մտնելու մասին տարածված  խոսակցությունների վերաբերյալ.

«Ցավոք, որևէ տեղեկություն չունեմ նման գործողության վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ ՀՀ ողջ անվտանգությունը, մասնավորապես՝ Սյունիքի մարզի անվտանգությունը գտնվում է  թշնամական անմիջական ոտնձգությունների համար բաց տիրույթում։ Եթե որևէ մեկն անցնի Գորիս-Կապան ճանապարհահատվածով, այնուհետև շարունակի իր ճանապարհը Ճակատենի հատվածով, ապա այդ ամենն ակնհայտ կտեսնի։ ՀՀ սովորական քաղաքացին այդ ճանապարհատվածն ուղղակի զզվանքով է անցնում, որտեղ ադրբեջանցի բաշիբոզուկները ոչ միայն դիտարկում են մեզ, այլև իրենց լկտի ներկայությամբ անարգում մեր ինքնիշխանությունը։ Ես չեմ վախենում այս բառն օգտագործելուց՝ այս ամենը հետևանք է այն անբարո քաղաքականության, որը վարում է այս ապաշնորհ իշխանությունը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ այս համատեքստում «Պատիվ ունեմ» դաշինքի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում դաշինքի ղեկավարները  հնչեցրել են չափազանց կարևոր ուղերձներ։ Խոսքը  Բաքվի բռնապետի կողմից անընդհատ թմբկահարվող «զանգեզուրյան միջանցք» արտահայտության մասին է, որը  թուրքական ծրագրին հասնելու կարևորագույն գործիքներից մեկն է, որն իրագործելու հարցում գուցե Ադրբեջանից ավելի շատ շահագրգռված է Թուրքիան։

«Սյունիքում ուղղակի հնչեցվեց, որ որևէ միջանցք ՀՀ տարածքով չի կարող գոյություն ունենալ։ Հայաստանն ինքն իր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունից որևէ պարագայում չի հրաժարվելու։ Սա մեր դաշինքի համար սկզբունքային հանգամանք է։ Այժմ նաև շատ է քննարկվում, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» խնդիրը, որին մեր դաշինքն անդրադարձավ Վայոց Ձորի մարզում, որտեղ բնակիչներն անհանգստացած են Տիգրանաշենի խնդրով։ Եթե ուշադիր հետևեք այս ապաշնորհ վարչախմբի հռետորաբանությանը, այժմ արդեն սկսել է օգտագործվել Տավուշի մարզի հայկական տարածքների նկատմամբ, սկսել են օգտագործել  «Ադրբեջանի Ղազախի գյուղեր» ձևակերպումներ, որն ուղղակի անընդունելի է։ ՀՀ տարածքում չի կարող լինել ադրբեջանական տարածքներ»,- հավելեց Վ. Ոսկանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս