Բաժիններ՝

Եթե չունենանք լավ ուսուցիչներ, բոլորն են տուժելու

Օրերս «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ դպրոցում աշխատելու հնարավորություն տրվեց այն մասնագետներին, որոնք չունեն մանկավարժական կրթություն, բայց ունեն 30 կրեդիտ մանկավարժության գծով։ Այս փոփոխությունը շատերը սվիններով ընդունեցին, քանի որ սա նշանակում է, որ մի քանի մանկավարժական դասընթաց անցած մարդը կարող է ուսուցիչ աշխատել։ Իհարկե, հասկանալի է, որ բոլոր մասնագիտությունների նման, մանկավարժությունն էլ պահանջում է ֆունդամենտալ կրթություն։ Բայց Հայաստանում արդեն առկա է ուսուցիչների պակաս։

Դպրոցներն այսօր մեծ դժվարությամբ են գտնում Ինֆորմատիկայի, Ֆիզիկայի, Քիմիայի, Ռուսերենի, Ֆրանսերենի, Գերմաներենի ուսուցիչներ։ Ընդ որում, այս խնդրին բախվում են ոչ միայն հեռավոր, փոքր գյուղերի դպրոցները, այլև անգամ Երևանի դպրոցները։ Երևանում Ինֆորմատիկա, Ֆիզիկա, Քիմիա իմացող մարդիկ հեշտությամբ աշխատանք են գտնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Վերջին 30 տարում ուսուցիչների պահանջարկի խնդիրը փոփոխական զարգացումներ է ունեցել։ Եղել են ժամանակներ, երբ ավելի շատ ուսուցիչներ ենք ունեցել, քան անհրաժեշտ է։ Եղել են ժամանակներ, երբ ուսուցիչների պակաս է եղել։ Օրինակ՝ 90-ական թվականների սկզբին Հայաստանում մեծ թվով ուսուցիչներ դուրս եկան դպրոցներից, քանի որ աշխատավարձը շատ ցածր էր։ Ուսուցիչների մեծ պահանջարկ առաջացավ։ Դպրոցներում սկսեցին դասավանդել մեծ թվով մասնագետներ, որոնք չունեին մանկավարժական կրթություն։ Մեկ տասնամյակ անց ծնելիության նվազման և արտագաղթի արդյունքում նվազեց աշակերտների թիվը։ Արդյունքում՝ դպրոցներում առաջացավ ուսուցիչների ավելցուկ։  Այդ տարիներին եղան դեպքեր, երբ մեկ դրույքը բաժանվում էր 2-3 ուսուցչի միջև։ 2003թ.-ին Հայաստանում իրականացվեց ուսուցիչների օպտիմալացում, որի արդյունքում դպրոցներից դուրս մնացին մանկավարժական կրթություն չունեցող մարդիկ, այսինքն՝ այն մարդիկ, որոնք 90-ականներին օգնել էին դպրոցներին։

Բարձրագույն մանկավարժական կրթությունը խրախուսելու նպատակով որոշվեց, որ դպրոցներում կարող են աշխատել միայն մանկավարժական բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ։ Իսկ մյուսներին ժամանակ տրվեց մինչև 2018թ. ստանալու բարձրագույն մանկավարժական կրթություն։ Այս որոշման արդյունքում, ավելացավ մանկավարժական բուհերի հեռակա բաժնում սովորողների թիվը։ Բարձրագույն կրթություն կամ մանկավարժական կրթություն չունեցող շատ ուսուցիչներ որոշեցին հեռակա համակարգում ստանալ այդ կրթությունը։ Ըստ նախնական որոշման՝ 2018թ.-ին դպրոցներից պետք է դուրս մնային բարձրագույն մանկավարժական կրթություն չունեցող ուսուցիչները։

Բայց այստեղ խնդիր առաջացավ։ Եթե ուսուցիչը 2018թ.-ին 60 տարեկան է դառնում, ինչո՞ւ պետք է մի քանի տարի աշխատելու իրավունք ստանալու համար մեծ գումար ծախսի բարձրագույն մանկավարժական կրթության դիպլոմի համար։ Արդյունքում, այս որոշումը հետաձգվեց մինչև 2023թ.։

Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով՝ 2020-21 ուստարում Հայաստանի դպրոցներում աշխատում է թերի բարձրագույն կրթություն ունեցող 321 ուսուցիչ։ 1637 ուսուցիչ ունի միջին մասնագիտական կրթություն։ Հետաքրքիր է, որ 91 ուսուցիչ ունի միայն դպրոցական կրթություն։  Համեմատության համար նշենք, որ 2018թ.-ին Հայաստանում կար թերի բարձրագույն կրթություն ունեցող 203 ուսուցիչ, միջին մասնագիտական կրթություն ունեցող 2835 ուսուցիչ, դպրոցական կրթություն ունեցող 104 ուսուցիչ։

Տարիներ առաջ ևս մեկ նախաձեռնություն եղավ, որի նպատակն էր գյուղական համայնքներում ուսուցիչներ ունենալը։ Որոշվեց մանկավարժական համալսարաններում սահմանել նպատակային անվճար տեղեր։ Դրա դիմաց շրջանավարտը պետք է վերադառնար գյուղ և աշխատեր տվյալ գյուղի դպրոցում։ Սակայն այս նախաձեռնությունը ձախողվեց։ Շատ շրջանավարտներ ավարտելուց հետո չվերադարձան գյուղեր։ Մի մասն էլ վերադարձավ, բայց դպրոցում թափուր տեղ չկար։

Ներկայումս դպրոցներում ուսուցիչների պահանջարկի նոր ալիք է ձևավորվում։ Մանկավարժական բուհեր ընդունվողների թիվը նվազում է։ Այդ նվազումը հատկապես նկատելի է որոշ մասնագիտությունների գծով։ Դպրոցների շրջանավարտները չեն ուզում ուսուցիչ դառնալ, քանի որ աշխատավարձը ցածր է, ուսուցիչների նկատմամբ հարգանք չկա, աշակերտների սովորելու ցանկությունը կտրուկ նվազել է։ Այս 3 պատճառները բավարար են, որպեսզի շատերը չցանկանան ուսուցիչ դառնալ։

Արդյունքում, առաջիկա տարիներին կանխատեսվում է ուսուցիչների պահանջարկի աճ։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը չպետք է լինի միակը։ Մենք պետք է պատրաստենք մանկավարժական կադրեր, որոնք կկարողանան փոքր գյուղերի դպրոցներում դասավանդել մի քանի առարկաներ։ Եթե նման մարդկանց առաջարկվի բարձր աշխատավարձ, ապա քաղաքում բնակվող շատ մարդիկ կցանկանան տեղափոխվել գյուղեր։ Սա շատ ավելի լավ լուծում կլինի, քան հեռավար ուսուցումը։ Դպրոցական կրթության մեջ մարդկային շփումն ամենակարևորն է։

Հասկանալի է, որ Հայաստանն այս պահին ի վիճակի չի լինելու ուսուցիչների աշխատավարձը կտրուկ բարձրացնել։ Բայց հետևողական աշխատանքի դեպքում, կարելի է գոնե ուսուցիչների հեղինակությունը բարձրացնել։ Օրինակ՝ համացանցում վերջերս տարածվեց մի հումորային կլիպ, որում տգեղ ձևով վարկաբեկում էին ուսուցչի կերպարը։ Նախարարության կողմից որևէ արձագանք չեղավ։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ ինքը դոմինո խաղով ջախջախել է մրցակից թիմին, որի կազմում եղել է գյուղի մաթեմատիկայի ուսուցիչը։ Նմանատիպ քայլերը մեծ վնաս են հասցնում ուսուցչի հեղինակությանը։ Դրանք ձևավորում են ուսուցչի կերպարի բացասական հանրային ընկալում։ Նման իրավիճակում աշակերտների զգալի մասը չի ցանկանա դառնալ ուսուցիչ։

Մեզ համար կենսական է լավ ուսուցիչներ ունենալը։ Եթե չունենանք լավ ուսուցիչներ, բոլորն են տուժելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս