Ջրասուզակների օգնությամբ «Ռենջ Ռովերը» դուրս բերվեց Հրազդան գետից (լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ Արթուր Օհանյանը, վարելով «Ռենջ Ռովեր» մակնիշի 33 PՕ 529 համարանիշի ավտոմեքենան, Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից ընկել է Հրազդան գետը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը կարողացել է շուտ դուրս գալ ջուրն ընկղմվող ավտոմեքենայից, իսկ նրան առաջինն օգնություն են ցուցաբերել «Վալենսիա» ռեստորանային համալիրի աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Վթարի վայրում աշխատանքները ղեկավարել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան դուրս բերվեց գետից և տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ ջրասուզակը, ում գործողությունների շնորհիվ վերամբարձ կռունկի օգնությամբ կարողացան ջրից դուրս բերել ավտոմեքենան:
shamshyan.com
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի