ՀԱԿ-ում լավ չե՞ն ընկալում Տեր-Պետրոսյանին, թե վաղաժամ բացում են խաղաքարտերը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Մինչ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ամենաքննադատական դիրքերից հանդես գալ ընդդեմ օրվա իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի, ավելին՝ տպավորություն թողնել, որ ինքն էլ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների չափ օր առաջ ցանկանում է փրկել երկիրը իր իսկ բնորոշմամբ՝ «ազգակործան պատուհասից», բայց արի ու տես, որ ՀԱԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուները վաղաժամ բացում են բոլոր խաղաքարտերը:
Քաղաքական բանավեճերի և հանրային ելույթների ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հին իներցիայով իրենց քննադատության թիրախ ընտրում են մյուս նախկին նախագահներին և ոչ ամենևին ՔՊ-ին: Թերևս ստացվում է, որ կամ լավ չեն ընկալել, թե ինչ է ուզում իրենց առաջնորդ Տեր-Պետրոսյանը, կա՛մ, պարզապես, ակամայից բացահայտում են, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ՀՀ առաջին նախագահի քաղաքական հոգեզավակը, որից ինչպես հրաժարվել, այնպես էլ պատրաստ է նորից որդեգրել, եթե խորհրդարանում միմյանց կարիքը զգան»: