«Փաշինյանը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը». Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի կարծիքով՝ խաղաղ համակեցություն չի նշանակում, որ թշնամու զորքը պետք է ներխուժի քո տարածք և սկսի դիրքեր կառուցել քո տարածքում, քո զինվորներին ծեծել, գերեվարել, և դու դրա հետ խաղաղ համակերպվես:

«Բնականաբար, նման խաղաղ համակեցություն չի լինում, և, բնականաբար, այն, ինչ տեղի է ունենում, ցույց է տալիս, որ այսօր հնարավոր էլ չէ այդ խաղաղ համակեցությունը և, առնվազն, ադրբեջանական կողմը չունի կամք՝ նման խաղաղ համակեցության: Հետևաբար, այսօր ընդհանրապես աբսուրդային է դրա մասին խոսելը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Աննա Կարապետյանի խոսքով՝ հետևողականորեն իշխանությունների կողմից հանրությանը ներարկվում է, որ իրենք խաղաղություն բերողն են, իրենք խաղաղության խորհրդանիշն են, թույլ չեն տալիս՝ լինի պատերազմ, իսկ ընդդիմությունը ռևանշիստ է, ցանկանում է պատերազմ, հենց նախկինները գան՝ նորից պատերազմ կլինի, և այլն. «Բայց եկեք՝ նայենք իրականությանը. Նույն նախկինների օրոք, որոնց ինքը նշում է, մենք չենք ունեցել 5000 զոհ, հազարավոր անհետ կորածներ, չենք ունեցել գերեվարման նման դեպքեր, և ընդհանրապես, ինչի՞ն նայելով է հանրությունը որևէ կերպ հավատալու այս թեզին, կամ ընդհանրապես, որքանո՞վ է տրամաբանական սրա մասին խոսելը: Ի՞նչն է հնարավորություն տալիս Փաշինյանին ասել, որ ինքը խաղաղություն է բերում: Ինքը ոչ թե խաղաղություն է բերում, այլ միայն շարունակվող պարտություն է բերում: Փաշինյանը շարունակաբար կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները՝ դա մատուցելով, որ իբրև թե անում է հանուն մեր խաղաղության, բայց որքան Ադրբեջանի պահանջները կատարվում են, այնքան ավելի է մեծանում Ադրբեջանի ախորժակը, և զուգահեռ՝ այնքան մեծանում է նոր պատերազմի հավանականությունը: Այսինքն՝ այն, ինչ հայտարարում է Փաշինյանը, և այն, ինչ ունենք իրականում, երկու տարբեր իրողություններ են»:

Նրա դիտարկմամբ՝ ինչպես Ալիևն է հայ գերիներին խաղաքարտ դարձրել, նույնը այսօր անում է Փաշինյանը. «Այս ամբողջ գործընթացում գերիները նրա համար քարոզարշավի ընթացքում խոսվող թեմաներից մեկն են, և նրա համար այդ հարցը իրական արժեք չի ներկայացնում, որովհետև եթե այդ հարցը նրա համար իրական արժեք ներկայացներ, և նա իսկապես մտահոգ լիներ գերիների վերադարձի խնդրով, մենք շատ վաղուց կտեսնեինք գործուն քայլեր գերիների վերադարձի ուղղությամբ: Մենք որևէ իրական բանակցություն, իրական գործողություն, իրական ջանք այդ ուղղությամբ չենք տեսնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս