«Երկրի ղեկին մարդ է, ով չփլաղ էր դիվանագիտությունից, չմո՝ մարդկային հարաբերություններում, և չտես՝ որկրամոլության մեջ». Խաչիկ Գալստյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գործող իշխանությունը նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրվանից ընտրել է բռնությունների, դեպի քաղաքացիական բախումներ տանող կործանարար ճանապարհը։

Եվ նրա բնորոշմամբ, այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը մեր հանրությանը, ըստ էության, ներկայացնելու ոչինչ չունի։

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» դաշինքին, ապա Խաչիկ Գալստյանի խոսքով՝ իրենց համար անկյունաքարային է երկրի անվտանգության հարցը։

«Երեկ դուք ականատես եղաք Արցախի հիմնահարցի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած այն փոքրիկ ձայնագրության տեքստին, որտեղ ի ցույց է դրվում իշխանության ղեկին հայտնված և այս տարիներին Արցախի բանակցային գործընթացը ոչնչացրած մարդու տգիտության աստիճանը։ Մարդ, որը խոստովանում է, որ ստիպված է իրեն գժի տեղ դնել, թռնել կանվեյերից և ազգին տանել դեպի մսաղաց»,- նշեց Խաչիկ Գալստյանը։

Նա շեշտեց, որ այսօր մանիպուլյացիան միակ գործիքակազմն է, որն իշխանությունը դեռ փորձում է կիրառել։ Իսկ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը վկայում է այն մասին, որ այո, կային որոշակի բանակցային գործընթացներ։

«Այսօր պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ երեք նախագահների օրոք երբևէ Հայաստանին չի ներկայացվել ավելի վատթար փաստաթուղթ, քան ունեցանք 44-օրյա պատերազմից հետո։ Երբևէ Հայաստանը նման ստորացուցիչ իրավիճակում չի հայտնվել։ Սա է Նիկոլ Փաշինյանի թողած ժառանգությունը այս երեք տարիների ընթացքում։ 30 տարիների ընթացքում բանակցային գործընթացում ստեղծվել էր որոշակի ինստիտուցիոնալ բազա և կարողություններ, նա, ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը, պարտավոր էր հաշվի առնել, հավաքել ազգի գիտակ մարդկանց ու չասեր, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ չասաց այնպիսի բան, որի մասին ես չգիտեի, իսկ Երկրորդ և Երրորդ նախագահների հետ առհասարակ կարիք չկար հանդիպելու, և այլն։ Մենք տեսանք, որ երկրի ղեկին մարդ է, ով չփլաղ էր դիվանագիտությունից, չմո էր՝ մարդկային հարաբերություններում, և չտես՝ որկրամոլության մեջ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս