Էդմոն Մարուքյանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի
«Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Քասախում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին արված կոչին՝ որդուն ռազմագերիների հետ փոխանակելու վերաբերյալ, ասելով.
«Դա ասելու բան չէ, չի կարելի նման բան ասել: Սա ո՞ր դարն է, որ Ադրբեջանը որևէ մեկի երեխային վերցնի պատանդ ու ռազմագերի տա: Իրականությանը չհամապատասխանող սուտ հռետորաբանություն: Փաշինյանն էլ ասում է՝ Ալիև, տալիս եմ, վերցրու, գերիներին տուր: Ժողովուրդ, այս թատրոնն ո՞ւմ է պետք, ո՞ւմ ենք ուզում խաբել: Անգլերեն, ռուսերեն լուրեր եմ կարդում, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչապետն իր տղային տալիս է, որ ռազմագերիներին տան. մեկն ընկալում է՝ որպես հուսահատության քայլ, մյուսը՝ որպես խեղճության քայլ, էն մյուսը՝ որպես խայտառակություն, մյուսն էլ նայում-ասում է՝ լավ, որ հայերով իրենք իրար հետ այս ձև են վարվում, ո՞նց են պայքարելու իրենց թշնամու դեմ, ո՞նց են թշնամուն հանելու տարածքից, ո՞նց են ռազմագերիներին ազատելու: Այսօր էլ տեսնում եմ՝ ասում են՝ պաշտոնապես ուղարկվել է Ալիևին: Դուք հավատո՞ւմ եք, որ Ալիևը վերցնելու է վարչապետի տղային: Ավելին ասեմ՝ չի կարելի, ընտանիք է, երեխա է: Նրանք շահարկում են, դու մի շահարկիր: Այս քննարկումն ինչի՞ մասին է, մեր զարգացմա՞ն, Հայաստանի ապագայի՞: Ճանապարհը դա՞ է, ա՞յդ ձևով են ռազմագերիներին վերադարձնելու: Ժողովուրդ, մեզ բոլորիս ո՞ւմ տեղն են դրել»:
Էդմոն Մարուքյանը խոսեց նաև Փաշինյանի առաջարկի մասին, որն արել է նախորդ նախագահներին՝ կապված բանավեճի հետ:
«Իր համար հարմար ընդիմախոսներ է գտել՝ խոսել անցյալից, թալանից: Դրա մասին լսել ենք, անգիր գիտենք: Ես նրան հրավիրում եմ բանավեճի՝ ներկայի, ապագայի մասին: Էդ ձեր համար հարմար բանավեճի մարդիկ եք գտել, հա՞: Ինչո՞ւ եք ուզում անպայման նախկին իշխանությունների հետ բանավիճեք: Շարունակաբար մնացել են համեմատվող՝ Սերժ Սարգսյանի, Ռոբետ Քոչարյանի հետ»,- նշեց նա:
«Լուսավոր Հայաստան»-ի հաջորդ կանգառն Աշտարակն էր: Վարչապետի թեկնածուն կարևորեց ներքին հաշտությունը, համախմբումն ու այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ բոլորը կարողանան գիտելիքները, ներուժը ներդնել միայն զարգացման, երկիրը շենացնելու, բանակը, տնտեսությունը վերականգնելու համար: