«Բա էլ հայրենիք տալը ո՞նց է լինում, որ ասում եմ՝ այս մարդը տվող է, զարմանում եք». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու՝ Նիկոլ Փաշինյանի արած առաջարկին, ինչպես նաև պատասխանեց հարցին՝ «Պատիվ ունեմ» դաշինքը իշխանության գալու դեպքում կկարողանա խաղաղ ճանապարհով թշնամուն հանել ՀՀ սուվերեն տարածքից։
«Նիկոլի իշխանության վերարտադրումը հղի է նոր պատերազմներով, տարածքային նոր կորուստներով, նոր զոհերով ու գերիներով։ Մեր իշխանության գալը հղի է միայն բանակցությունների միջոցով երկարաժամկետ խաղաղություն ապահովելով։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ հիմար կապիտուլյանտի առաջարկին, որպես պատմաբան՝ նշել եմ, որ այդ ամենը հիմարություն է, կներեք, դավաճանություն է Խորհրդային Միության քարտեզներով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա անել։ Ինչո՞ւ, որովհետև այսօրվա Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանի հետ որևէ կապ չունի։ Այսօրվա Ադրբեջանը 1918-20 թվականի մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է, որի տարածքում այսօրվա տարածքները չեն եղել։ Արցախի բանակցությունների ընթացքում մենք ասել ենք, որ ԼՂՀ-ն ոչ մի օր ու վայրկյան չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Եթե նա ուզում է, որ դեմարկացիան և դելիմիտացիան անի Խորհրդային Միության քարտեզներով, ապա ալամ աշխարհը գիտի, որ ԼՂՀ-ն եղել է Խորհրդային Ադրբեջանի մաս, այսինքն՝ ինչ կապիտուլյանտն ասում է, Արցախի հարցն էլ այսպես լուծում-պրծնում ենք»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, անթուլատրելի է հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների տեղակայումը, քանի որ ստացվում է, որ հայկական կողմն իր սահմաններից 100 կամ մեկ մետր հետ է քաշվում ու ասում՝ սա չեզոք գոտի՞ է։
«Բա էլ հայրենիք տալը ո՞նց է լինում, որ ասում եմ՝ այս մարդը տվող է, զարմանում եք։ Ասում է՝ չգիտեմ որտեղ տարին տասներկու ամիս ձյուն է, զինվորն այնտեղ ինչո՞ւ կանգնի, Արագածի գագաթին տարին տասներկու ամիս ձյուն է, դա էլ թող տա»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում