Բաժիններ՝

Վարշամ Գևորգյանը MMA-ում ադրբեջանցի մարզիկի դեմ մենամարտում հայ երկրպագուների աջակցությունն է ակնկալում

Մարտեր առանց կանոնների (MMA) պրոֆեսիոնալ մարզիկ Վարշամ Գևորգյանը հունիսի 25-ին Ղազախստանում կմենամարտի ադրբեջանցի  Էլմար Իբրահիմովի միջև: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մենամարտին անդրադարձան Գևորգյանի թիմի ներկայացուցիչները:

«Հունիսի 25-ին կարիերայի ամենակարևոր մենամարտն է լինելու: Ամեն ինչ անելու եմ հաղթանակի համար: Ինձ համար նա սովորական մրցակից է, ինչպես բոլորը: Ամեն օր նամակներ եմ ստանում նրանցից սպառնալիքներով: Նրանց չի հաջողվի ինձ կոտրել»,- ասաց Վարշամ Գևորգյանը: Վերջինիս խոսքով` հիմա շատ ասելիք չկա, ամեն հարցի պատասխան կտրվի մենամարտից հետո:

Գևորգյանի մարզիչ Արմեն Սողոյանի խոսքով` Վարշամին ոչինչ պետք չէ, բացի Ալմաթիում հայ երկրպագուների աջակցությունից: «Գևորգյանի դեմ մենամարտի հայտը ներկայացրել են իրենք: Մենք չենք հրաժարվել և մասնակցելու ենք: Խնդրում եմ ղազախական հայկական համայնքին, որ աջակցեն մեզ: Ցավոք, մենամարտը փակ կլինի, և մարզասերները կարող են հավաքվել մարզադահլիճի շրջակայքում: Վարշամը մենամարտելու է 61 կգ քաշային կարգում: Վստահ եմ, որ հաղթելու է, քանի որ պատերազմում զոհված մեր եղբայրների ոգին նրա հետ է լինելու»,-ասաց Գևորգյանի մարզիչ-մարտավկա Արմեն Սողոյանը:

Այս օրերին Գևորգյանը մարզումային մենամարտեր է անցկացնում Նարեկ Ավագյանի հետ, որը ևս MMA մարզիկ է: «Մոտ երեք ամիս է, ինչ պատրաստվում ենք այս մենամարտին: Շատ լավ ուսումնասիրել ենք մրցակցիս, գիտենք, ով է, ինչ է: Բացի ինձից մի շարք մարդիկ աշխատում են Գևորգի հետ: Ամեն հնարավորը և անհնարինն արել ենք այս մենամարտը լավագույնս անցկացնելու համար»,- ասաց Ավագյանը:

UFC լավագույն 15 մարզիկներից Արման Ծառուկյանն այս օրերին ևս մարզումներ է անցկացնում Վարշամ Գևորգյանի հետ: «Վարշամին սովորեցնում եմ իմ տեխնիկական հնարքները: Նա լավ արդյունքներ է գրանցում: Գիտեմ, որ ադրբեջանցու դեմ մենամարտը շահելու է, քանի որ նա ուժեղ մարզիկ է: Տակտիկապես նա պատրաստ է և միայն պետք է գոտեմարտին հանգիստ մոտենա»,- ասաց Ծառուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս