Այդ ժամանակ ես հասկացա, որ պետություն չունենք․ չի կարող պետությունը ռազմական ջանքի կազմակերպումը դնել հասարակ մարդկանց անհատական ջանքերի վրա․ Լևոն Զուրաբյան
«Երբ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կուսակցությունների ներկայացուցիչներին կանչեց քննարկման, ՀԱԿ-ի կողմից ես էի գնացել, և այնտեղ ես մի շատ տարօրինակ քննարկման ականատես եղա, երբ խոսվում էր այն մասին, որ դաշնակցական ջոկատները երեքն են արդեն, հիմա ավելանում է չորրորդը, իսկ «Սասնա ծռերը» մի մեծ կշտամբանքով հանդես եկան՝ ասելով, որ ինչո՞ւ պետությունը թույլ չի տալիս, որ մենք կազմավորենք մեր ջոկատը»,- Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահը մանրամասնեց, թե ինչու է դա իր համար տարօրինակ խոսակցություն, և թե ինչո՞ւ է այդ խոսակցությունը ցույց տալիս, որ առկա է պրոբլեմ իշխանավորների պետական մտածելակերպի հետ։
«Եթե մենք վերհիշենք Օսմանյան կայսրությունում հայերի ազատագրական պայքարը, գիտենք, որ կար ֆիդայական շարժում։ Դա շատ բնական բան է այն ժամանակ, երբ ազգը չունի պետություն։ Նման բան մենք ունեցանք, ի դեպ, Արցախյան առաջին պատերազմի առաջին տարիներին,- ասաց նա՝ նկատելով, որ պետությունն աստիճանաբար սկսեց հզորանալ, և 92-93-թվականներին ջոկատներ կազմակերպվեցին և ընդգրկվեցին արդեն պետական ռեգուլյար բանակի մեջ,- Դա մի պրոցես էր, որը ցույց տվեց, որ մենք հասունանում ենք, որպես ազգ, ֆիդայական կազմակերպոմից անցնում ենք դեպի ռեգուլյար բանակի՝ տարբեր մակարդակներում ծառայող զինվորականներ, զինվորներ, սպաներ և այլն։
Ու ես զարմացա՝ 2020 թվականի հոկտեմբերին վարչապետի մոտ խորհրդակցությանը ես լսում եմ, որ նորից խոսք է գնում ինչ-որ կուսակցական ջոկատների մասին։ Ուրիշ բան, որ հետո պարզվեց, որ «Սասնա ծռերը» ինչքան ասում էին, որ պիտի ջոկատ կազմավորեն, հետո էդպես էլ չկազմավորեցին, որովհետև պարզվում է, որ Ամերիկայի ջիփեր էին պատվիրել, և այդ ջիփերն այդպես էլ չեկան։ Դա մի կողմ դնենք։ Բայց ինքը՝ խնդիրը, որ պետական մակարդակով կառավարությունում քննարկվել է նման խնդիր, որ այս կուսակցությանը կարելի է ջոկատ ունենալ, այս կուսակցությանը չի կարելի ջոկատ ունենալ, սա արդեն ցույց տվեց մեր պետության թուլությունը։
Իսկ ավելի ծանր հարված էր ինձ համար, կներեք, կարծում եմ, ցանկացած մտածող մարդու համար, այն, երբ վարչապետը դիմեց կոչով ժողովրդին, որ՝ եկեք ամեն մի երեսուն մարդ կազմակերպեք ձեր սեփական ջոկատը, ընտրում եք հրամանատար, գալիս եք ֆրոնտ, և մենք հաղթում ենք։ Այ էդ ժամանակ ես հասկացա, որ մենք պետություն չունենք, որովհետև չի կարող պետությունը ռազմական ջանքի կազմակերպումը դնել սովորական, հասարակ մարդկանց անհատական ջանքերի վրա, չի՛ կարող։ Եթե նման բան է անում, նշանակում է՝դուք պետութւոն չունեք, և ցավոք սրտի դա է մտածողությունն այս իշխանությունների, և շատ պրոբլեմներ էլ՝ այդ թվում այս գերեվարումները, այդ ներթափանցումները ադրբեջանական բանակի մեր տերիտորիա, այն, ինչ կատարվեց պատերազմի ժամանակ, բոլորը այ այդպիսի իշխանավորների ոչ պետական մտածողության հետևանք են»։
1990-ականներին մենք համարձակ էինք կռվում, սակայն չէինք հասնի որևէ արդյունքի, եթե չլիներ պետական լրջագույն կազմակերպումը՝ շեշտեց Լևոն Զուրաբյանը։
«Ես համարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենամեծ ազգայնականն է։ Եթե հայ ազգը չկարողանա պետական, քաղաքական գործիչներին դատել ըստ արժանվույն, մենք ապագա չենք ունենա։
Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ամպագոռգոռ բաներ չեն ասում, չեն խոսում մինչև Քուռ հասնելու մասին, խոսում են խաղաղության և դիվագիտության մասին, այդ մարդիկ հասնում են ամենամեծ հաղթանակներին, և 1990-ական թվականների հաղթանակի բանալին սա էր»,- հավելեց նա՝ ընդարձակ պատմական ակնարկով հիմնավորելով իր տեսակետը։