«Թշնամին մինչև սարատեղ 500 մետր հեռավորության վրա է, իսկ մինչև գյուղ՝ պլյուս 1 կիլոմետր». Վերին Շորժայի գյուղապետ
Իրավիճակը Վերին Շորժայում նույնն է, որևէ փոփոխություն չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը։
Նրա խոսքով՝ թշնամին փորձել է սարատեղից անասունների գողություն անել, սակայն ինքը մանրամասներին տեղյակ չէ։
«Այն, ինչ թշնամին անում է, Վերին Շորժայից վերև է, այն հատվածում, որտեղ մայիսի 12-ից եկել-նստել է։ Տեսեք, մինչև Վերին Շորժա Վարդենիսի սարատեղն է, դրանից հետո նոր Վերին Շորժան է, թշնամին մինչև սարատեղ 500 մետր հեռավորության վրա է, իսկ մինչև գյուղ՝ պլյուս 1 կիլոմետր։ Եթե Կութի գյուղից անասուններ են գողացել, ուրեմն՝ մեր գյուղի անասունների հետ կապված վտանգն էլ կա։ Մենք փորձում ենք զգույշ լինել, իմ անասնապահի հետ ամեն դեպքում մինչև այժմ նման դեպք չի կատարվել»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք աշխատանքները պարզել են, որ 2021թ. հունիսի 6-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ադրբեջանական զինվորական ծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրի հովվի (սարատեղիի բնակիչ) շուրջ 20 ձիերը:
«Մասնավորապես, հովվի 20 ձիերը, արածելով, մի փոքր մոտեցել են ադրբեջանական այն դիրքերին, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում:
Ադրբեջանական զինված ծառայողները, օգտվելով առիթից, ձիերին ընդառաջ՝ իջել են արոտավայրի ուղղությամբ և փորձել են գողանալ բոլոր ձիերը:
ՀՀ զինված ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիվ է կանխվել արբեջանական զինծառայողների գողության փորձը:
Դեպքը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրում: Այստեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ)»,- տեղեկացրել էր Արման Թաթոյանը: