Եթե մեր բոլոր գերիները վերադարձած լինեին 1-2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին. Փաշինյան
Եթե մեր բոլոր գերիները վերադարձած լինեին 1-2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին:
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում քարոզչության ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների հետ կապված իր երեկվա հայտարարությունից հետո բարձրացած աղմուկին:
«Բոլոր նրանք, որոնք, օրինակ, վերադարձել են ապրիլին, բոլորը վերադարձել են առնվազն 1-2 ամիս ուշացումով, 3 ամիս ուշացումով: Ես միշտ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ երբեք ձեզ չեմ խաբի: Միայն մի դեպք է եղել, երբ ես գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամներին ասել եմ՝ ձեր հարազատը վաղը էստեղ է լինելու, քանի որ բոլոր պայմանավորվածությունները, հավաստիացումները եղել են, բայց դա չի ստացվել: Դա ինձ համար դաս է եղել, որ ես երբեք ժամկետ չասեմ: Ես միշտ ասում եմ՝ ինչքան պետք լինի, պետք է պայքարենք, որ րոպե առաջ նրանք վերադառնան»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Արմավիր գյուղ նախընտրական այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գերիների խնդրին՝ հայտարարել է.
«Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- նշել է նա: