«Իսկ գուցե Աստված մեզանից երես թեքեց»․ Փաշինյանը՝ պատերազմում պարտվելու մասին
Մինչև փորձագետները, քաղաքական գործիչները 2020-ի անհաջողություններին տալիս են քաղաքական, տնտեսական, ռազմական, աշխարհաքաղաքական բացատրություններ և ոչ միայն, Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ արցախյան վերջին պատերազմի պարտության նոր մեղավոր է գտնում. Արագածավանում 2020 թվականի պարտության մեղքը գցել է Աստծո «գրպանը»:
«Ձեր բնակավայր բերող ճանապարհն անցնելիս էսպիսի մի միտք անցավ մտքովս, տարօրինակ թող չթվա ձեզ, ժողովուրդ, ուղղակի ես կիսվում եմ, խոսում եմ ձեզ հետ: Ասում եմ՝ իսկ գուցե Աստված երես է թեքել մեզնից, այնպես, ինչպես գրված է 12-րդ Սաղմոսում, որտեղ գրված է՝ մինչև ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչև ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից: Բայց ինչո՞ւ: Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ:
Մենք դրախտում ենք ապրում, և այս միտքը ծագում է շատ հաճախ, երբ հանրապետության տարբեր հատվածներ շրջագայելու առթներ եմ ունենում, և նայում եմ հատվածներով, որտեղով նախկինում չեմ անցել: Կամ անցնում եմ տեղերով, որոնք նախկինում չեմ նկատել կամ այդ հայացքով չեմ նայել: Մենք իրականում դրախտում ենք ապրում, բայց մենք ի վիճակի չենք եղել և չենք մինչև էսօր մեր դրախտը վայելել: Սա իրականում ավետյաց երկիր է, երբ որ նայում եմ էդ դաշտերին: Բայց նայում եմ նաև, թե էդ դաշտերի քանի տոկոսն է մշակված: Մենք ապրում ենք Եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է: Եվ մենք ապրելով դրախտում՝ ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը մեզ համար դրախտ դարձնել: Մենք ապրելով մեծ երկրում, չենք նկատել, որ ապրում ենք մեծ երկրում»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում պիտի վերահաստատվի ժողովրդի իշխանությունը: