«Մենք մեր հերոս նահատակներին, իրենց առողջությունը հայրենիքի զոհասեղանին դրած տղաներին հզոր հայրենիք ենք պարտք․ Պարտք փակելը նորմալ մարդկանց համար պատվի հարց է, իսկ մենք պատիվ ունենք». Սերժ Սարգսյան

Պաշտոնապես մեկնարկեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը։

Ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և անդրադարձավ դաշինքը գլխավորող գեներալ Արթուր Վանեցյանին՝ ընդգծելով, որ տարբեր առիթներով վերջին շաբաթների ընթացքում արդեն անդրադարձել է նրա անբասիր ծառայությանը, հայրենասիրությանն ու նրա կուսակցության հետ ՀՀԿ-ի դաշինք կազմելու պատճառներին։

«Գալիք երկու շաբաթվա ընթացքում մեր թեկնածուները մեզ հետ միասին կշրջեն  հանրապետության բոլոր մարզերով, մեր ծրագրով, ապագայի մեր պատկերացմուներով կներկայանանք մեր ժողովրդի դատին։ Մենք վճռական ենք տրամադրված, մեր թիմի յուրաքանչյուր անդամ ցուցակում կամ ցուցակից դուրս կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք և պատիվ՝ այդ կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար։ Բոլորս պետք է գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ, այս անգամ, ցավոք, ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է։ Այս ընտրությունը հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է, անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ կամ նույնիսկ վերջին շանս ստանալու համար է»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Նա շեշտեց՝ չի ուզում, որ իր թոռնիկները կամ ներկաների զավակներն իրենց տանը՝ Արարատի նկարի կողքին կախեն Տաթևի վանական համալիրի կամ Սևանա լճի պատկերները՝ որպես կորուսյալ հայրենիքի ևս մեկ հատվածի մասին պատմող հուշ։

«Նախորդ երեք տարիներին Հանրապետական կուսակցությունն անցավ 2018 թվականի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ ատելության խոսքի թիրախ։ Ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չընկրկեցինք և չլռեցինք։ Իմ ու իմ թիմակիցների համար այժմ հեշտ է ասել՝ մենք զգուշացնում էինք, մենք կանխատեսել էինք, և այլն, բայց դրանք այսօր անօգուտ խոսքեր են։ Այդ խոսքերը հետ չեն բերելու ո՛չ մեր 5 հազար նահատակված տղաներին, ո՛չ մեր հայրենիք Արցախի կորսված 75 տոկոսը, տուն չեն կառուցելու 35 հազար փախստականի համար, և ո՛չ էլ  վերականգնելու են մեր ազգային արժանապատվությունը։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենիք հողի համար ամենաթանկը՝ իրենց կյանքը տված մեր հերոսները այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն չեն ունենալու»,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը։

Ըստ նրա, դավաճան իշխանությունների պատճառով Հայաստանը կորցրել է իր դաշնակիցների և գործընկերների հարգանքն ու վստահությունը։ Պոպուլիստ ու անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում, որ ազգովի բզկտվեն, թուլանան պատերազմում ու դատապարտվեն դանդաղ մահվան։ Հետևաբար՝ առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վեր հառնելու հնարավորություն է։

«Այս օրերին երբեմն նկատում ենք, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել, ես երբեք չեմ եղել սևի ու սպիտակի կամ կործանարար այլ ջրբաժանների կողմնակից։ Իմ գործունեությամբ միշտ փորձել եմ համերաշխություն ու միասնականություն հաստատել մեր երկրում։ Այս ծանրագույն ազգային ճգնաժամում, երբ պետությանը թե՛ ներսից, թե՛ դրսից պատերազմ է հայտարարված, պետք է անկարևոր համարենք ամեն ինչ, բացի պատերազմի ելքը մեր օգտին դարձնելը։ Ուստի բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը և իրենք էլ մեզ հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում նրանք ինձ համար կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ»,- շեշտեց նա։

Երրորդ նախագահը նաև երկու խոսք հղեց այն հայրենակիցներին, ովքեր դեռ մոլորության մեջ են։

«Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում՝ Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ Արդեն 27 օր է՝ մեր ինքնիշխան տարածքում են գտնվում թշնամու զորամիավորումները, ամեն օր հովիվներ ու զինվորներ են գերեվարվելու։ Ձեզ չեն հարգելու ո՛չ դրսում, ո՛չ ներսում, անարգելու են, մենք դառնալու ենք իզգոյ պետություն ու նաև իզգոյ ժողովուրդ, որի հետ ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել։ Դիմում եմ նաև այն հայրենակիցներին, ովքեր հիասթափված են ու անտարբեր, հայեր, իմ սիրելի հայեր, դուրս եկեք այդ անտարբերության մահաբեր ու կործանարար թմբիրից, կոչ եմ անում մեր բոլոր համակիրներին՝ օգտագործեք այս քարոզարշավը  դեռևս նիկոլիզմով ախտահարված ձեր ընկերների ու բարեկամների հետ զրուցելու, նրանց հարցերին պատասխանելու համար, օգնեք նրանց, եղեք համբերատար ու անկեղծ։ Մենք մեր հերոս նահատակներին, իրենց առողջությունը հայրենիքի զոհասեղանին դրած տղաներին հզոր հայրենիք ենք պարտք, իսկ պարտք փակելը նորմալ մարդկանց համար արժանապատվության հարց է, պատվի հարց է, իսկ մենք պատիվ ունենք»,- խոսքը եզրափակեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս