«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է արգանդի` 11 կգ-անոց գիգանտ միոմա
48-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել որովայնի չափերի մեծացման գանգատով: Խնդիրն ի հայտ էր եկել մի քանի տարվա ընթացքում:
Չունենալով այլ գանգատներ կամ ախտանշաններ՝ կինը որովայնի չափերի մեծացումը կապել էր քաշի ավելացման հետ: Առաջնային բուժզննումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը, իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, այդ թվում՝ սոնոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, լաբորատոր հետազոտություններ:
Արդյունքում ախտորոշվել է գիգանտ միոմա: Անդրանիկ Պողոսյանը հրավիրվել է տարբեր նեղ-մասնագետների խորհրդակցություն՝ գտնելու բուժման մարտավարությունը: Որոշվել է կատարել վիրահատություն՝ հեռացնել ուռուցքը: Մինչ վիրահատությունը քննարկվել են հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման միջանտության ընթացքում: Կատարվել է երկայնաձիգ լապարոտոմիա, արգանդի էքստերպացիա՝ հավելումներով:
Վիրահատությունը կատարել է Անդրանիկ Պողոսյանը՝ գինեկոլոգներ Նառա Ադամյանի և Լիլիթ Մեղրյանի հետ, ծննդատան անեսթեզիոլոգիայի ծառայութսան ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ: Միոմայի նման չափերն առաջացրել էր նաև պորտային ճողվածք: Գինեկոլոգիական վիրահատության ավարտին կատարվել է նաև ճողվածքահատում, որն իրականացրել է վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Արա Վարդանյանը:
Վիրահատական երկու միջամտություններն էլ անցել են բարեհաջող, առանց խնդիրների, հիվանդն արդեն ապաքինմամբ դուրս է գրվել: