«Պատրաստ ենք այս կռիվը կամ «վերջին զարկը» տալու՝ հանուն Հայաստանի ապագայի». Սերժ Սարգսյան
«Պատիվ ունեմ» դաշինքը րոպեներ առաջ պաշտոնապես ազդարարեց նախընտրական քարոզարշավի մեկնարկը։
Քարոզարշավի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, այնուհետև ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը։
Դիմելով ներկաներին, Սերժ Սարգսյանն ասաց, որ կարծում է՝ զարմացած են, քանի որ արարողակարգով առաջինը նախատեսված էր իր ելույթը, սակայն խոսեց Արթուր Վանեցյանը, ինչը, նրա կարծիքով՝ ճիշտ է։
«Ես եմ առաջարկել և իմ այդ քայլով մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ գեներալ Վանեցյանը գլխավորում է մեր դաշինքի նախընտրական ցուցակը, ուրեմն՝ ամեն տեղ նա պետք է լինի առաջինը։ Ինքը պետք է առաջինը գնա, ինքը պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես իմ փորձով, իմ հնարավորություններով և խորհուրդներով անհրաժեշտ պահի կանգնած եմ նրա թիկունքին, կանգնած եմ ձեզանից յուրաքանչյուրի թիկունքին, այնպես որ, ամեն ինչ ճիշտ է»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Երրորդ նախագահի խոսքով՝ այսօր ոչ սովորական պայմաններում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ընդգծելով, որ այդ ընտրություններն իրենց նպատակն ու երազանքը չէին։
«Մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիք համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցին մարտահրավերը և պատրաստ ենք այս կռիվը կամ, ինչպես մեր էպոսում է ասվում՝ «վերջին զարկը» տալու հանուն Հայաստանի ապագայի։ Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը ցավոք չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր իրավիճակում գտնվող ժողովրդին արտահերթ ընտրությունների տանելու ճանապարհը, որին ի սկզբանե մենք դեմ էինք։ Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների ձևավորած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքն իր օրինակով է մեր ժողովրդին ցույց տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը»,- հավելեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում