«Բացառում ենք գործակցությունը Նիկոլ Փաշինյանի, գործող իշխանությունների հետ». Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն այսօր ներկայացրեցին ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը, անդրադարձան նաև հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կկազմի։
«Ավելին, քան ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որ բացառվում է որևէ համագործակցություն ՔՊ-ի, Նիկոլ Փաշինյանի, գործող իշխանությունների հետ, ավելացնելու ոչինչ չունեմ՝ Գագիկ Ծառուկյանը շատ հստակ բացառել է այդ հնարավորությունը։ Մենք հայտարարել ենք, որ ԲՀԿ-ն գնում է հաղթելու, և բնական է, որ որևէ կոալիցիայի կամ հնարավոր համագործակցության հարց այլ քաղաքական ուժերի հետ մեր օրակարգում չկա։ Մենք հստակ գնում ենք հաղթելու և այդ հաղթանակն ունենալու դեպքում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հաստատակամությամբ»,- նշեց ԲՀԿ ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Իվետա Տոնոյանը։
Հարցին՝ կա՞ որևէ դաշինք կամ կուսակցություն, որի հետ ԲՀԿ-ն կցանկանար կոալիցիա կազմել, Իվետա Տոնոյանը պատասխնեց՝ որևէ համագործակցության հարց այս պահին չեն քննարկում։
«Գագիկ Ծառուկյանը հրապարակային բացառել է համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի հետ, որովհետև հետևողականորեն տարբեր ուժերի կողմից, հատկապես՝ հենց գործող իշխանությունների հետ ԲՀԿ-ի համագործակցության թեզն է շրջանառության մեջ դրվում, սրանով փորձելով ցեխ շպրտել ԲՀԿ-ի վրա։ Մենք բացառում ենք գործակցությունը Նիկոլ Փաշինյանի, գործող իշխանությունների հետ։ Մնացած որևէ ուժի հետ հնարավոր գործակցության մասին խոսք մեր օրակարգում չկա, որովհետև մենք գնում ենք հաղթելու և իշխանություն ձևավորելու օրակարգով»,- հավելեց Իվետա Տոնոյանը։