«Թշնամին իր զբաղեցրած տարածքում աշխատանքներ է իրականացնում․ իսկի պետությունը չի կարողանում ասել՝ ինչ է լինելու, ես ինչպե՞ս կարող եմ ասել». Նորաբակի գյուղապետ
Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում թշնամին առաջ գալուց հետո սկսել է ինտենսիվ ինժեներական աշխատանքներ կատարել ու զինտեխնիկա կուտակել։ Մասնավորապես՝ Նորաբակ գյուղի ուղղությամբ թշնամին ակտիվ ինժեներական աշխատանքներ է կատարում՝ դիրքեր ու ճանապարհներ է կառուցում։
168.am–ի հետ զրույցում Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանն ասաց, որ գյուղից թշնամու դիրքերը, տեղաշարժն ու գործողությունները երևում են՝ ինչ-որ բաներ են կառուցում։
«Թշնամին իր զբաղեցրած տարածքում աշխատանքներ է իրականացնում։ Այս պահին գյուղում որևէ փոփոխություն չկա, ինչ կար՝ նույնն է, ժողովրդի վիճակն է լարված, էլի։ Դե, թշնամին սարերում կրակում է, բայց ես չգիտեմ՝ գյուղի ուղղությա՞մբ է կրակում, թե՞ ոչ, այսինքն՝ թշնամու թիրախը չգիտեմ՝ որն է»,- նշեց Նորաբակի գյուղապետը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ բնակիչները վախենում են իրենց անասուններին գյուղից շատ հեռու տանել։
«Մարդիկ վախենում են, չեն բարձրանում արոտավայրեր, թե որքան այս ամենը կտևի, ես չեմ կարող ասել: Գյուղից թշնամու բոլոր դիրքերը երևում են, նրանք ամենաբարձ դիրքերում են կանգնած, ո՞նց չեն երևում»,- հավելեց նա։
Ըստ գյուղապետի՝ չեն հաշվարկել, թե թշնամու հսկողության տակ որքան տարածք է մնացել գյուղի վարչական տարածքից։
«Մենք այդքան շատ վարելահող չունենք, ավելի շատ քարքարոտ տեղերն են շատ։ Ես չգիտեմ, թե այս ամենի վերջն ինչ է լինելու, իսկի պետությունը չի կարողանում ասել՝ ինչ է լինելու, ես ինչպե՞ս կարող եմ ասել»,- եզրափակեց Վազգեն Ասատրյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։