Դիմում եմ բոլոր ընտրողներին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կոչը նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ

Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ եմ անում լինել առավելագույնս զուսպ, հարգել ընտրողին ու մրցակցին, ցուցաբերել խոհեմություն ու հանդուրժողականություն, ընտրական գործընթացն անցկացնել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի մթնոլորտում:

Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին:

Պետական բոլոր կառույցները պարտավոր են առավել պատասխանատվությամբ վերաբերվել իրենց պարտականություններին:

Հատկապես մեծ պատասխանատվություն ունեն իրավապահ մարմինները: Նրանք պարտավոր են գործել մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ երաշխավորելու օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, ապահովելու հասարակական կարգը, ընտրությունների բնականոն ընթացքը:

Դիմում եմ բոլոր ընտրողներին՝ ընտրություններին ակտիվորեն մասնակցելով դրսևորենք մեր վերաբերմունքը քաղաքական այս կամ այն ուժի, այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ՝ խորապես գիտակցելով, որ ընտրություն ենք կատարում մեր երկրի ապագայի, զարգացման հեռանկարի, մեր սերունդների բարեկեցության համար:

Հաջողություն մաղթելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ ուզում եմ հիշեցնել, որ այս ընտրությունները, արտահերթ և նաև արտակարգ, երկրի համար բախտորոշ լինելով հանդերձ, բնականոն քաղաքական գործընթաց են, որին պետք է վերաբերվել մեծ պատասխանատվությամբ, և որից Հայաստան պետությունը և մեր ժողովուրդը պետք է դուրս գան արժանապատվորեն:

Տեսանյութեր

Լրահոս