Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Վերջին զանգի առիթով: «Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Դպրոցական կյանքի վերջին զանգն ազդարարում է նորի սկիզբը: Այսօրվանից ձեզ համար սկսվում է ավելի հասուն կյանքի ճանապարհը, որը ձեզնից յուրաքանչյուրին կտանի տարբեր ուղղություններով՝ ոմանց դեպի նոր ուսումնառություն, ոմանց՝ արդեն իսկ դեպի աշխատավայր, ոմանց՝ մշակույթի աշխարհ, ոմանց՝ զինվորական ծառայության:
Մի վարանեք ունենալ ամենատարբեր երազանքներ, և թող այսօր սկիզբ դրվի ձեր այդ նոր երազանքների իրականացմանը: Ինչ ճանապարհ էլ, ինչ մասնագիտություն էլ, որ ընտրեք, ինչ դժվարությունների էլ, որ հանդիպեք, պետք է սիրել Հայրենիքը և նվիրվել նրան: Սիրել ամբողջ սրտով և հոգով, սիրել անվարան և անմնացորդ: Վստահ եմ, որ ձեր ծնողներն ու ուսուցիչները նույնպես առաջին հերթին հենց ա՛յդ դասն են սովորեցրել ձեզ:
Մենք պետք է առաջ նայենք, առաջ շարժվենք ձեզ հետ միասին: Չպետք է ընկրկել փորձությունների և դժվարությունների առաջ, որքան էլ որ դրանք անհաղթահարելի թվան: