«Ստեփանակերտի օդանավակայանում ռուսներն են իրենց համար մզկիթ կառուցել, նրանց մի մասը քրիստոնյաներ են, մյուս մասը՝ մուսուլման». Ստեփանակերտի քաղաքապետ

Երկու օր է՝ համացանցում տարբեր օգտատերեր լուսանկարներ են հրապարակում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանից,  որը ռուսների հսկողության տակ է, նշելով, որ այնտեղ կառուցվել է մզկիթ։ Ըստ օգտատերերի, այս արարքն անթույլատրելի է, քանի որ, եթե ռուս խաղաղապահների մեջ կան մուսուլմաներ, ապա նրանք կարող էին գնալ և Ակնայում կառուցել մզկիթ, որն ադրբեջանցիների օկուպացիայի տակ է։

168.am հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն անդրադառնալով այդ մզկիթի կառուցմանը, ասաց, որ այսօրվա դրությամբ օդանավակայանի տարածքը գտնվում է ռուսների տիրապետության տակ։

«Ստեփանակերտի օդանավակայանում ռուսներն են իրենց համար մզկիթ կառուցել, նրանց մի մասը քրիստոնյաներ են, մյուս մասը՝ մուսուլման, ուստի իրենց համար մզկիթ են կառուցել։ Այնտեղ նրանք և՛ եկեղեցի են սարքել, և՛ մզկիթ, ես այդպես եմ տեղեկացել, ինքս իմ աչքով դեռ չեմ տեսել։ Օդանավակայանը Ստեփանակերտ քաղաքից դուրս է, այսինքն՝ քաղաքի մեջ չէ։ Խաղաղապահներն օդանավակայանի փակ տարածքում աշխատում, ապրում են։ Դե, այս մզկիթը զուտ իրենց զորքի համար է»,- նշեց Դավիթ Սարգսյանը։

Նա անդրադարձավ նաև վերջերս Ստեփանակերտում տեղադրված բանալու տեսք ունեցող արձանին, որը հանվեց մշակույթի նախարարի հայտարարությունից հետո։

«Այդ արձանը հանվել է, ինձ լրիվ ուրիշ բան էին ներկայացրել, բայց լրիվ այլ բան տեղադրել, այդ պատճառով էլ այն հանվել է»,- հավելեց Ստեփանակերտի քաղաքապետը։

Ինչ վերաբերում է պատերազմից հետո Ստեփանակերտի առօրյային, քաղաքապետը տեղեկացրեց, որ քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին, կառույցների մի մասն աշխատում է։

«Ամեն օր քաղաքի համար մի նոր բան է ստեղծվում, կառուցում ենք։ Այս ընթացքում դրսում ապրող շատ մարդիկ են վերադարձել Ստեփանակերտ, շատերն էլ կան, որ արդեն պատրաստակամաություն են հայտնել վերադառնալու համար»,- եզրափակեց Դավիթ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս