Բաժիններ՝

 «Հակառակորդն իր համար հարմարավետություն է ստեղծում՝ ճանապարհն են սարքում, որ իրենց տեղաշարժն ավելի հարմար լինի»․ կամավորականը՝ Կութի դիրքերի մասին

«Վերջին դեպքից հետո, երբ 6 հայ զինծառայողներ գերեվարվեցին, Կութում, Ազատում և Նորաբակում իրավիճակը նույնն է, իրենք իրենց տեղում են, մենք՝ մեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը, որը կամավորագրվել և բարձրացել է Կութի դիրքեր ծառայություն իրականացնելու։

Սևակը պատմեց, որ մայիսի 27-ին, երբ 6 հոգու գերեվարեցին, բավականին լարված իրավիճակ էր, իսկ դրանից հետո թշնամին որևէ սադրանքի չի դիմում․

«Որևէ փոփոխություն չկա, ամեն կողմն իր ծառայությունն է տանում, սպասում ենք, տեսնենք՝ ինչ կանեն։ 6 զինծառայողներն էլ Կութի հատվածից են գերեվարվել, մեր խմբից չեն եղել, բայց մեր դիրքից են եղել․ մինչ օրս իրենցից տեղեկություն չունենք․․․»։

Սևակից հետաքրքրվեցինք, թե հակառակորդի կենդանի ուժը շա՞տ է․

«Միշտ են շատ։ Օրինակ, հենց այդ կոնֆլիկտի ժամանակ մենք պատկերացնում էինք, որ մեր դեմը կանգնած են 25-30 հոգի, բայց այդ պահին իրենք դարձան մոտ 150 հոգի, միանգամից շատացան։ Այսինքն՝ սարի մյուս կողմում իրենք ունեն բավականին մեծ թվով կուտակված զորք․․․»։

Կամավորականը նաև ասաց, որ այս օրերին թշնամու «հանգիստ» պահվածքը, հնարավոր է, պայմանավորված լինի ճանապարհի բարեկարգման աշխատանքներով․

«Կարելի է ասել, որ իրենք իրենց համար մի փոքր հարմարավետություն են ստեղծում՝ ճանապարհը մի փոքր ավելի լավն են սարքում, որ իրենց տեղաշարժն ավելի հարմար լինի, որպես փոփոխություն կարելի է միայն դա ֆիքսել»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե  իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Ավելի ուշ՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները  շրջափակել և գերեվարել  էին ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի, որոնք, ըստ պաշտոնական տեղեկության, ինժեներական աշխատանքներ էին կատարում։

Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս