Փաշինյանին հայ վրիժառուն թույլ չի տալու վերարտադրվել ու 2000 ոստիկանով կրկին շրջել փողոցում. Սամվել Նիկոյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայրենիքի համար զոհված զինվորների մարմինները պոլիէթիլենային տոպրակներով նկուղներում՝ անմարդկային պայմաններում պահելու լուսանկարները նայել ու ցավ է ապրել. ցավ է ապրել նաև, որ զինվորների հարազատներն են ստիպված եղել կրկին զգալ այդ ցավը։

Հանրային հեռուստաընկերության եթերում խոստովանել էր նախարարի պաշտոնակատարն ու նաև կոչ արել համացանցում շրջանառվող կադրերը քաղաքական էժան քննարկման առարկա չդարձնել։

Հարցին այսօր Կառավարության նիստում անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը: Նա էլ իր հերթին անմարդկային այդ պատկերը քննադատողներին կոչ էր արել հիշել, թե 2018 թվականից ի վեր գործող Կառավարությունը որքան գումար է հատկացրել Առողապահական համակարգին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը, անդրադառնալով վարչապետի և առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարների կոչերին, ասաց.

«Արդյո՞ք եղել է մարդկության պատմության մեջ մի դեպք, երբ պետությունն իր զինվորի աճյունը պահի նկուղներում, ծնողներին չասի, որպեսզի ծնողները մտածեն, թե իրենց որդիներն անհետ կորածներ են։ Չգիտեմ, թե ի՞նչ հավատքի մարդիկ են դա անողները և ինչպե՞ս կարող են ապրել դրանից հետո. Քրիստոնյա՞ ասեմ նրանց, թե՞ այլ բան։ Երբ հարց է առաջանում, թե ինչ պետք է անի այս պատկերին ականատես եղող ժողովուրդը, ապա պետք է ասեմ, որ մենք դարձել ենք անտարբեր և, ի դեպ, նման անտարբեր վիճակում էինք նաև Ցեղասպանության տարիներին, սակայն այն ժամանակ ազգն իրեն վերագտավ, իրականացրեց «Նեմեսիս» գործողություն, դավաճան հայերին պատերի տակ սատկացրեց, որից հետո նոր թուրքերին սատկացրեց, ուստի պետության չգոյության պայմաններում խոսել ազգի արժեքային համակարգից, չգիտեմ էլ, թե որքանով կարող է ազդեցություն ունենալու»,- ասաց Սամվել Նիկոյանը։

Ըստ նրա՝ պետք է գա ժամանակը, երբ ինչպես հայ զինվորների մարմիններն անարգելու, այնպես էլ արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում հայ ազգին պարտադրված պարտության համար տան պատասխաններ ոչ միայն քաղաքական իշխանությունը, այլ նաև ռազմական ղեկավարությունը։

«Ջալալ Հարությունյանը, օրինակ, չպե՞տք է արդյոք պատասխան տա պատերազմի ընթացքի, կրած պարտության ու դրան զուգահեռ՝ իր կարիերայի, ուսադիրների թռիչքային աճի համար. իհա՛րկե պետք է տա. Ջալալ Հարությունյանը ռազմական վերնախավի ընդամենը մեկ օրինակն է»,- ասաց Նիկոյանը։

Ինչ վերաբերում է քաղաքական իշխանության պատասխանատուներին, ապա, ըստ ՀՀԿ-ականի, միայն հրաժարական տալն ու հեռանալը դեռ բավարար չէ, ավելին՝ հրաժարական տալը դեռ չի վկայում, որ այս կամ այն պաշտոնյան դա արել է հանուն հայրենիքի։

«Նախկին արտգործնախարար Արա Այվազյանն ու մյուս փոխնախարարները հեռանում են՝ փրկելով ընդամենն իրենց մաշկը, ուստի նրանց այդ քայլում հանուն հայրենիքի արված որևէ բան չկա։ ԱԳՆ-ն հասկացավ մի բան՝ Նիկոլ Փաշինյանն իր ազգադավ գործունեությունը փորձում է փաթաթել իրենց պարանոցին, պատասխանատվությունը բարդել իրենց ուսերին, ուստի հիմա Այվազյանն ու մյուսներն ընդամենը փրկեցին իրենց մաշկը, հետևաբար՝ սխալ է ասելը, որ արտգործնախարարությունում հանուն հայրենիքի են հրաժարվել իրենց պաշտոններից»,- ասաց Սամվել Նիկոյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքներից Ադրբեջանին հանձնելը մնալու էր նաև իրենց ուսերին, ուստի ԱԳՆ-ում որոշեցին այսպես փախչել, որովհետև գիտեն, որ Փաշինյանին սատարող փոքրաթիվ մասսան ծափահարելու էր Փաշինյանին դրա համար, Փաշինյանն էլ արդարանալու էր, թե՝ ես ի՞նչ անեմ, համաձայնությունը տրվել է Արտգործնախարարության մակարդակով։

«Իսկ ինչ վերաբերում է մեր կրած պարտությանը, ապա պետք է նշեմ, որ այս պատերազմում մեր առյուծ տղերքի ղեկավարը շակալ էր, դրա համար այս իրավիճակին հասանք»,- ասաց Նիկոյանը՝ ընդգծելով, որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որի դեպքում կործանումը կանգնեցնելու համար պետք է մի կերպ դիմակայել մինչև արտահերթ խոհրդարանական ընտրությունների անցկացման օրը: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ մինչ այդ Հայաստանի տարածքներից որևէ կտոր Ադրբեջանին հանձնելու որևէ փաստաթուղթ չստորագրվի։

«Հակառակ դեպքում՝ եթե Տիգրանաշենը տան, ապա դրանով ոչ միայն Սյունիքը, այլև Եղեգնաձորը կկտրվի, իսկ եթե տան Տավուշի մարզի հինգ գյուղերը, ապա կկտրվի նաև Տավուշի մարզը, և մենք կմնանք ընդամենը մի քանի մարզով։ Նիկոլ Փաշինյանի համար հայրենիքը եռանկյունի է՝ ամառանոց-Ազգային ժողով-Կառավարություն. այս եռանկյունուն ավելանում է նաև մեկ այլ անկյուն՝ լափաման։ Մեր դժբախտությունը Փաշինյանի մանկակական դժբախտութան մեջ է, որը փաթաթեց բոլորիս վզին»,- ասաց Նիկոյանը։

Հանրապետական կուսակցության անդամն ուղիղ կապ է տեսնում 2018 թվականի իշխանափոխության և ստեղծված իրավիճակի միջև: Նրա մեկնաբանությամբ՝ հեղափոխութուն ասվածը տեղի ունեցավ, որպեսզի հայ ազգը հասնի այսօվան, սակայն սրանից ելքը պետք է լինի 2021 թվականի հունիսի 21-ին։

«Մի կողմից՝ կա նաև նրանց վերարտադրման վտանգ, հիմա էլ է նա վերարտադրված, բայց կարողանո՞ւմ է արդյոք գնալ մարզ, փողոց դուրս գալ։ Եթե հունիսի 20-ից հետո Փաշինյանը վերարտադրվեց, ի՞նչ է անելու, մի՞թե դարձյալ 2000-3000 ոստիկանով է ման գալու»,- հարց ուղղեց Նիկոյանը։

Մեր հարցին՝ ո՞վ է նրան խանգարելու դա անել, Սամվել Նիկոյանը պատասխանեց.

«Հայ վրիժառուն»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս