Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանից ներողություն խնդրելու փոխարեն՝ զգուշացրեց՝ իրենք էլ համբերություն ունեն

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորների դիերը, մեղմ ասած, ոչ պատշաճ պայմաններում պահելու խնդրին, քննադատեց իշխանություններին՝ նշելով, որ թշնամուց մազապուրծ եղած դիերն այսօր Հայաստանում պարզապես պղծում են։  Երբ պատգամավորը ելույթն ավարտեց, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որը հավանաբար մոռացել էր անջատել բարձրախոսը, Թագուհի Թովմասյանին անվանեց «իդիոտկա»: ԱԺ փոխխոսնակի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձի հնչեցրած վիրավորական արտահայտությունն այնքան բարձր էր, որ լսելի էր ոչ միայն դահլիճում նստածների, այլ նաև նիստին ուղիղ հեռարձակմամբ հետևողների, տեսագրությունը դիտողների համար։

Թագուհի Թովմասյանը րոպեներ անց կրկին բարձրացավ ԱԺ ամբիոն և Լենա Նազարյանից պահանջեց, որպեսզի վերջինս ներողություն խնդրի։ Շեշտեց, որ առհասարակ իշխանությունը չգիտի, թե Հայաստանում նոյեմբերի 9-ից հետո ինչ է  տեղի ունենում, ինչ է կատարվում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, որտեղ թշնամին ամեն վայրկյան դիմում է  սադրանքների։ Արձագանքելով պատգամավոր Թովմասյանի ելույթին՝ Լենա Նազարյանը ներողություն խնդրելու փոխարեն,  մուննաթով պատասխան տվեց. «Տիկին Թովմասյան, եթե ես չեմ խոսում իմ զգացմունքների մասին, դա չի նշանակում, որ ես չեմ զգում և չեմ ցավում, մենք էլ ենք մարդ և մենք էլ համբերություն ունենք»։

Ի դեպ, հետաքրքիր է, Լենա Նազարյանը նույնքան ատելությամբ է արտահայտվել կամ գուցե մտածել, երբ, ասենք, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն Աբովյանի դիահերձարանի պատկերը հրապարակվելուց հետո հանրությունից ներողություն խնդրեց:

Թե ի՞նչ էր նշանակում Լենա Նազարյանի՝ «մենք էլ համբերություն ունենք» արտահայտությունը, սպառնալի՞ք, խոսքից գործողությունների անցո՞ւմ, դժվար է ասել, իհարկե: Կարելի է ենթադրել, սակայն, որ, օրինակ, հաջորդ անգամ  ԱԺ ամբիոնից եթե որևէ մեկը փորձի քննադատել իշխանությանը, կարժանանա ԱԺ փոխնախագահի  ոչ միայն խոսքային հարվածներին, ինչպես մեկ անգամ արդեն իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ամիսներ առաջ խոսքից անցավ գործի:

Թերևս, միայն Լենա Նազարյանը չէ, որ նման մտածողություն ունի, Նիկոլ Փաշինյանը ևս այսօր կառավարության նիստի ժամանակ իր վերաբերմունքով գրեթե արդարացրեց Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցածը և նորից  փորձեց մեղավորներ գտնել, հիմա էլ նորից մարդկանց մտածողությունն  է պատճառը, որ այդպես էլ չի փոխվում։

«Մենք այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ՝ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարը ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել, տեսնել ոնց է»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, նահատակված զինվորների դիերի սահմռկեցուցիչ տեսարանի վերաբերյալ կադրերը եթե համացանցում չհայտնվեին, այդպես էլ որևէ մեկը չէր իմանա, թե տղաների դիերն ինչ պայմաններում են պահվում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս