Հանրային հեռարձակողի խորհրդից պահանջում ենք մնալ սեփական լիազորությունների սահմաններում, պահպանել կոռեկտություն ու մյուս անգամ չփորձել գնահատականներ տալ ՄԻՊ-ի լիազորությունների իրականացման հարցերին․ Արման Թաթոյան
Մանրամասն արձագանք Հանրային հեռարձակողի խորհրդի հունիսի 2-ի հայտարարությանը՝ կապված «Լուրեր» թողարկմամբ «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ հեռարձակված ռեպորտաժի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային դիրքորոշման հետ:
Հանրային հեռարձակողի խորհրդի արդեն երեկվա՝ հունիսի 2-ի հայտարարությունը, որը վերաբերում է Հանրային հեռուստաընկերության 2021թ. մայիսի 30-ի «Լուրեր» թողարկմամբ այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ եթեր հեռարձակված ռեպորտաժին, առավել ամրապնդում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ու շահերի լրջագույն խախտումների ու նրանց անվտանգության վտանգները:
Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարությունն էլ բխում է ՀՀ բնակչության և առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքների ու շահերի (կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու ազատ տեղաշարժի և այլ իրավունքներ) պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
Մասնավորապես, Հանրային հեռուստաընկերության վերը նշված ռեպորտաժի հաջորդ օրը՝ մայիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանը ստիպված էր հանդես գալ հրապարակային դատապարտող արձագանքով, որը նպատակ ուներ կանխարգելիչ ազդեցությամբ բացառել նմանատիպ հաղորդումները հետագայում թե՛ Հանրային Հեռուստաընկերության եթերից, թե՛ այլ լրատվական կազմակերպությունների և լրագարողների կողմից: Ընդ որում, Պաշտպանի հայտարարության ձևակերպումները հատուկ էին ընտրվել այնպես, որ առանց այդ էլ թիրախավորված երիտասարդ լրագրողը լրացուցիչ թիրախավորումների չենթարկվի:
Բայց Հանրային հեռարձակողի խորհրդի՝ որպես պետական հաստատության խիստ մտահոգիչ հայտարարությունը միանգամայն փոխում է կանխավարկածն այն ուղղությամբ, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման վտանգավոր շեշտադրումներով նշված ռեպորտաժն իրականում հատուկ ծրագրային քաղաքականություն է կամ դրա մասը:
Ավելին, այդ կանխավարկածն առավել ամրապնդվում է վերջին շրջանում այն պաշտոնյաների անպատասխանատու հայտարարությունների ֆոնին, որոնք բացահայտ հակասում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին ու վտանգում նրանց անվտանգությունը:
Այդ պաշտոնյաներն իրենց հայտարարություններով, ըստ էության, ապացույցներ են ապահովում, որոնք կարող են օգտագործվել տարբեր, այդ թվում՝ միջազգային ատյաններում ՀՀ ու նրա քաղաքացիների իրավունքների և շահերի դեմ:
Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 31-ի արձագանքն այդ ռեպորտաժին պայմանավորված էր նաև նրանով, որ ուսումնասիրություններն արդեն իսկ արձանագրել էին Պաշտպանի համար սպասելի բազմաթիվ ադրբեջանական լրատվամիջոցների հեռուստատեսային ու տպագիր նյութեր, որոնք ուրախությամբ ադրբեջանական հանրային քննարկման առարկա էին դարձրել այդ ռեպորտաժը՝ արձանագրելով, որ Հայաստանում պետական մակարդակով ընդունում են, որ նշված գյուղերը պատկանում են Ադրբեջանին (հղումներն այս հայտարարության վերջում): Ավելին արդեն իսկ տարածում են ստանում կոչերը «հետ վերցնելու ադրբեջանական գյուղերը հայկական օկուպացիայից»:
Ադրբեջանական քարոզչական նշված նյութերում, որպես ադրբեջանական օգտին ապացույց, օգտագործվում են նաև ՀՀ Ազգային ժողովի՝ Տավուշից ընտրված պատգամավորի խոսքերը, որոնցով նա Տավուշի մի շարք գյուղեր համարել էր «ադրբեջանական»: Այդ նյութերում նույնիսկ ադրբեջանական օգտին պնդումներ են արվում այն մասին, որ ռեպորտաժը պատրաստվել է ՀՀ կառավարության հանձնարարությամբ:
Ուստի, իր իսկ ձևավորված այս վտանգավոր կանխավարկածը փարատելու համար Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային հեռուստաընկերության՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների ու անվտանգության համար վտանգավոր շեշտադրումներով ռեպորտաժն արդարացնելու փոխարեն պարտավոր է պատասխանել առնվազն հետևյալ հարցերին՝
1) Արդյոք ռեպորտաժում մտադրված է Տիգրանաշենը ներկայացվում «ադրբեջանական անկլավ» կամ այլ կերպ՝ «ադրբեջանական տարածք» և արդյոք դա ծրագրային քաղաքականություն է այն պայմաններում, երբ Տիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի էլ ունեցել. այն պատմական հայկական գյուղ է:
2) Ինչո՞ւ է միայն նշվում, որ գյուղը Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմել և չկա որևէ նշում այն մասին, որ գյուղն ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը:
3) Ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկված հայկական Քարքե անվանումով (ներկայում՝ Տիգրանաշեն) գյուղը ներկայացվում հենց ադրբեջանական Քյարքի անունով:
4) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ չէ, որ Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ կամ անկլավ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն կազմել է Խորհրդային Հայաստանի մաս:
Անգամ, օրինակ, ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մաս (քարտեզը հրապարակվում է՝ որպես սույն հայտարարության հավելված): Տարիների ընթացքում էգյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները:
5) Ինչո՞ւ է գյուղերի պատկանելիությունը քննարկվում ադրբեջանական պետական քաղաքականության տեսանկյունից՝ ղեկավարվելով միայն բնակչության էթնիկ պատկանելիության հիմքով:
Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ այն փաստը, որ եթե որևէ բնակավայր բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:
6) Ինչո՞ւ են Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին, ներկայացվում միակողմանի՝ պնդումով առ այն, որ «ադրբեջանական անկլավ» է և այլն:
7) Ինչո՞ւ ռեպորտաժում չկա որևէ քննարկում այն մասին, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են առաջ գալ ոչ միայն այդ գյուղերում ապրող մարդկանց իրավունքների, այլ ՀՀ ողջ բնակչության իրավունքների ու անվտանգության համար, եթե առաջնորդվեն այն կեղծ պնդումներով, թե ռեպորտաժում քննարկվող գյուղերն ադրբեջանական են:
8)Արդյոք Հանրային հեռարձակողի խորհրդի համար պարզ չէ, որ «ադրբեջանական անկլավ» նշանակում է տարածքի ոչ հայաստանյան, այսինքն՝ ադրբեջանական պատկանելիություն ու հարցն այդպես լուծվելու դեպքում առաջանալու են հարյուրավոր նոր ներքին տեղահանվածներ, ՀՀ սահմանային բնակիչների ունեզրկումներ, վտանգվելու է Տավուշի ու Արարատի մարզերի բնակիչների ու, առհասարակ, այդ վայրերով անվտանգ ու ազատ տեղաշարժը (ինչպես արդեն ներկայում Սյունիքում է):
9) Ի՞նչ հիմքով է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ռեպորտաժով հանրության քննարկմանը ներկայացվում Ադրբեջանի հետ սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող կասկածելի բովանդակությամբ ինչ-որ փաստաթղթի նախագիծ, որի կոնկրետ տեքստը, ձևակերպումներն ու հասկացությունները այդպես էլ պաշտոնական որևէ աղբյուրով չեն հրապարակվել ու պետական հաստատում չեն ստացել: Ավելին, դեռ մի հատ էլ այդ նախագծի հիման վրա քննարկվում են տարածքի փոփոխությանն առնչվող հարցեր՝ այն էլ մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության վկայակոչմամբ:
10) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ Հանրային հեռուստատեսության լրատվական քաղաքականությունը միջագային ատյաններում ընկալվում է՝ որպես պետական մոտեցում, քանի որ այս հեռուստաընկերությունը պետական է և հիմնադրված է ՀՀ կառավարության կողմից:
11) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ և նրա քաղաքացու իրավունքների ու շահերի դեմ գեներացվել է հավաստի ապացույց:
Եվ այս ամենն այն պայմաններում, երբ գրեթե ամեն օր արձանագրվում են 2021թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների զանգվածային խոշտանգումների և ունեզրկումների հաշվին ՀՀ սահմանային գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ: Այն պայմաններում, երբ բնակիչները զրկված են իրենց պատկանող հողատարածքներից, արոտավայրերից ու տներից, երբ չեն կարողանում ազատ օգտագործել ճանապարհները, ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակում են գյուղերի հարևանությամբ, քաշքշում ու սպառնում են հովիվների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների: Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունները, գնալով զարգացնում են հայատյացությունն ու թշնամանքը՝ ռազմավարական ու քաղաքական նպատակ հռչակելով Երևան, Սևանն ու Սյունիքը։
Ավելին ռեպորտաժը հեռարձակվում է այն պայմաններում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել ու այս պայմաններում չեն էլ կարող, ինչը հաստատվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Հենց այսպիսի պատմական փաստերի բացահայտ աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը բացահայտ անտեսող խիստ դատապարտելի, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով ՀՀ սահմանների անվտանգությունը:
Եվ վերջում՝ Հանրային հեռարձակողի խորհրդի գիտության համար առաջարկում ենք այսուհետ նկատի ունենալ, որ եթե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը որևէ հարցի վերաբերյալ հանդես է գալիս հրապարակային արձագանքով, ուրեմն դրա հիմքում ընկած են հիմնավոր ապացույցներ, իսկ խնդիրներն էլ ավելի շատ են ու հիմնավոր արձանագրված:
Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթներն են պետական մարմինների արարքներից պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները՝ իրականացնելով նրանց նկատմամբ համապատասխան վերահսկողություն:
Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված և գործելով պետական ֆինանսավորմամբ, իսկ Հանրային հեռարձակողների խորհուրդը, ձևավորվելով պետության կողմից, գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ վերահսկողության ներքո:
Ուստի, Հանրային հեռարձակողի խորհրդից պահանջում ենք մնալ սեփական լիազորությունների սահմաններում, պահպանել կոռեկտություն ու մյուս անգամ չփորձել գնահատականներ տալ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացման հարցերին:
Հետևաբար՝ խոսքը ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանելու Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների, այլ ոչ թե բացահայտ շահարկող փաստարկներով հարցը լրատվամիջոցի գործունեությանը միջամտելու տիրույթ տեղափոխելու բացարձակ դատապարտելի փորձերի մասին է:
Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն վերահաստատում է իր մայիսի 31-ի հայտարարությամբ արված այն պնդումը, որ Հանրային հեռուստատեսության մայիսի 30-ի ռեպորտաժի շեշտադրումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին:
Համոզված վերահաստատում ենք նաև, որ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի չէ «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը. այն ուղղակիորեն վտանգում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրում է Հանրային հեռարձակողների խորհրդի արդեն երեկվա` հունիսի 2-ի վտանգավոր հայտարարությանը և Հանրային հեռուստատեսության մայիսի 30-ի ռեպորտաժին՝ չեզոքացնելու համար միջազգային ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների ու շահերի դեմ դրանց օգտագործման փորձերը: Սա հատկապես կարևոր է, քանի որ Հանրային հեռարձակողի խորհրդի նշված հայտարարությամբ ոչ միայն այդ ռեպորտաժին տրվեց առավել մեծ տարածում, այլ նաև հաստատվեցին այդ ռեպորտաժի վտանգավոր շեշտադրումների «հավաստիությունը»:
Մինչ Հանրային հեռարձակողների խորհուրդը կտա վերն առաջադրված հարցերի պատասխանները, Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող հարցերի լուսաբանման առանձնահատկությունների, այդ թվում՝ պատմական փաստերի, քաղած դասերի վերաբերյալ իրականացնել վերապատրաստումներ Հանրային հեռարձակողի խորհրդի և Հանրային Հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ղեկավար կազմի համար:
Ստորև ադրբեջանական հանրային քարոզչական հարթակների հղումների մի շարք օրինակներ են, որոնք անդրադարձել են Հանրային հեռուստաընկերության մայիսի 30-ի ռեպորտաժին՝
https://araz.az/…/14438-erm-nistan-televiziyasinin…
https://azvision.az/news/262699/news.html
https://globall.az/…/17016-ermenistan-televiziyasinin…
https://azerforum.com/…/ermenistan-kanalinin-naxcivanin…
https://azvision.az/news/262699/news.html
http://pia.az/ermenistan-televiziyasinin-naxcivanin…
https://www.sportinfo.az/idman_xeberleri/problem/115488.html
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան