Վրաստանում երկարաժամկետ ավիացիոն ռազմավարություն կմշակվի
Պետական եւ մասնավոր հատվածների միջեւ համագործակցությունը որոշիչ նշանակություն կունենա Վրաստանի երկարաժամկետ ավիացիոն ռազմավարության մշակման գործընթացում: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի տեղակալ Մարիամ Կվրիվիշվիլին։
Զբոսաշրջության վարչակազմի նախկին ղեկավար եւ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կվրիվիշվիլին մայիսի 27-ին զբաղեցրել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:
Նոր պաշտոնում Կվրիվիշվիլին կարճաժամկետ խնդիրների թվում հայտարարել է ավիացիայի եւ զբոսաշրջության ինդուստրիաների անվտանգ եւ արագ վերականգնումը, գերատեսչությունների գործունակության ուժեղացումը, օգնությունը տուժած ձեռնարկատերերին եւ, որ ամենագլխավորն է, աշխատատեղերի ստեղծումը:
Նոր պաշտոնում նա կղեկավարի ռազմավարական կառույցները. Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, Վրաստանի աերոնավիգացիան, Միավորված օդանավակայանները, Զբոսաշրջության վարչակազմը եւ լեռնային առողջարանների զարգացման ընկերությունը:
«Անշուշտ, երկրին անհրաժեշտ է կոնկրետ տեսլական եւ ավիացիոն ճյուղի զարգացման պլան: Ես չէի ասի, որ այն չկա: Սակայն կարեւոր է, որ լինի մի փաստաթուղթ, որը կհայտարարվի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկայի համար… Դա երկկողմ համագործակցության գործընթաց է, որը պետք է հաշվի առնի մասնավոր հատվածի տեսլականը եւ, վերջին հաշվով, հասնի այն բանին, որ պետության եւ մասնավոր հատվածի տեսլականները համընկնեն, քանի որ դրանք ընդհանուր շահեր են»,-ասել է Կվրիվիշվիլին՝ հանդես գալով Imedi հեռուստաալիքի եթերում:
Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարարի խոսքով, երկրի երկարաժամկետ ավիացիոն ռազմավարությունը յուրատեսակ երաշխիք է պոտենցիալ ներդրողների, փոքր ու միջին բիզնեսի համար, քանի որ դա հստակ եւ պարզ ճանապարհ է դեպի այն, ինչին երկիրը ձգտում է կոնկրետ ճյուղի զարգացման առումով: Կվրիվիշվիլին ընդգծել է, որ ավիացիայի զարգացումն ուղղակի ազդեցություն ունի զբոսաշրջության ինդուստրիայի եւ, իհարկե, բուն տրանսպորտային հատվածի ամրապնդման վրա: Եվ դա ուղղակիորեն կարտացոլվի եկամտի մեջ, որը կստանա Վրաստանի յուրաքանչյուր բնակիչ, հաղորդել է Sputnik-ը: