Սուդանը հայտնել է ՌԴ-ի ռազմածովային բազայի պայմանագիրը փոխելու մտադրության մասին
Սուդանը մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ ռազմածովային բազայի շուրջ համաձայնագիրը: Այդ մասին Սուդանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Օսման ալ Հուսեյնը հայտնել է Blue Nile հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք գտնվում ենք Սուդանի եւ Ռուսաստանի նախկին կառավարությունների միջեւ ստորագրված պայմանագրի վերանայման գործընթացում, որը վերաբերում է Սուդանում Կարմիր ծովի ափին ռուսաստանյան ռազմական նախագծին»,-հայտարարել է նա: Նրա խոսքով, քանի որ այս համաձայնագիրն ստորագրվել է նախկին ռեժիմի օրոք եւ «չի վավերացվել օրենսդիր մարմնի կողմից, ինչպես այդ պահանջում է միջազգային պայմանագրին հավանություն տալու գործընթացը, ապա Սուդանն «ուղղումներ եւ փոփոխություններ մտցնելու հնարավորություն ունի»՝ հաշվի առնելով երկրի շահերը: «Ուստի մենք այն վերանայում ենք, որպեսզի որոշվի Սուդանի շահերն այդ համաձայնագրում, եւ այդ մասին խոսք է գնացել (ռուսական կողմի հետ) վերջին բանակցություններում»,-նշել է Մոհամեդ Օսման ալ Հուսեյնը: 2020 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը եւ Սուդանը համաձայնագիր են ստորագրել Սուդանում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նյութա-տեխնիկական ապահովման կայան (ՆՏԱԿ) ստեղծելու վերաբերյալ:
Փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում: Համաձայնագրում նշվել է, որ ռուսաստանցի զինծառայողների առավելագույն թվաքանակը Սուդանում ՌԴ ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) կայանի կազմում չի գերազանցի 300 հոգին: Փաստաթուղթը ենթադրում է, որ Սուդանում ՌԴ ՌԾՆ-ի կայանում միաժամանակ կարող են գտնվել առավելագույնը չորս ռուսաստանյան նավ: Ինչպես փետրվարի 9-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը, ՆՏԱԿ-ի ստեղծման երկկողմ համաձայնագրի շրջանակներում Սուդան էր մեկնել ՌԴ պաշտհանության նախարարության հանձնաժողովը: «Մեկնել է հետախուզական հանձնաժողովը, որն այնտեղ աշխատել է՝ ճշտելով օժանդակ շենքերի եւ կառույցների տեխնիկական հնարավորություններն ու անհրաժեշտ ծավալը»,-ասել է Իվանովը: