«Տավուշի մարզի սահման ասելով՝ մենք դիտարկում ենք դե ֆակտո այն սահմանը, որտեղ կանգնած են մեր զինվորները». Հայկ Չոբանյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի այն պնդմանը, թե Տավուշում կան «ադրբեջանական անկլավներ», որոնք պատրաստվում են հանձնել։

«Ես չգիտեմ՝ ով ինչ է ուզում անել, գիտեք, որ ես 2 տարի աշխատել եմ՝ որպես Տավուշի մարզպետ, և այդ ընթացքում առիթ եմ ունեցել առնվազն երեք անգամ անդրադառնալու այս թեմային։ Այս թեմային անդրադարձել եմ ոչ միայն՝ որպես Տավուշի մարզպետ, այլև ՀՀ քաղաքացի, հայ մարդ, և որևէ ժամանակ այս խնդրի վերաբերյալ իմ դիրքորոշումը չի փոխվելու։ Տավուշի մարզի սահման ասելով՝ մենք դիտարկում ենք դե ֆակտո այն սահմանը, որտեղ կանգնած են մեր զինվորները։ Իմ՝ որպես նախարարի և հայ մարդու պարտականությունն այն է, որ ջանք չխնայի, որպեսզի դե ֆակտո այդ ստատուս-քվոն որևէ ձևով չխախտվի ի վնաս Հայաստանի»,- ընդգծեց Հայկ Չոբանյանը։

Հարցին՝ ի՞նչ ռիսկեր է տեսնում սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու առնչությամբ,  հնարավո՞ր է՝  Տավուշի մարզի գյուղերը դառնան քննարկման առարկա, Հակ Չոբանյանն արձագանքեց՝ որևէ ռիսկի դիմագրավելու հնարավորությունը,  ճանապարհը երկիրը զարգացնելն է։

«Առանց ուժեղ տնտեսության՝ մենք չենք կարող ունենալ ուժեղ զինված ուժեր, ուժեղ անվտանգային համակարգ։ Մենք մեր զինված ուժերի հնարավորությունների կարողությունների զարգացման վերականգնման խնդիր ունենք։ Այդ ռիսկերն առանձին հաղթահարման ճանապարհ չունեն, այն պահին, երբ մենք այնքան ուժեղ լինենք, և թշնամին չկարողանա մուտք գործել մեր սահման, դա մեր ռիսկի ապահովումն է»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է  Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ, Հայկ Չոբանյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ իր լիազորությունների մեջ չի մտնում։

Տեսանյութեր

Լրահոս