Հունիսի 2-ին Ռուսաստանում կմեկնարկեն եռակողմ բանակցություններ՝ գերեվարված զինծառայողների վերադարձի հարցով․ Բորիս Ավագյան

Հունիսի 2-ին ՌԴ-ում կմեկնարկեն եռակողմ բանակցություններ՝ գերեվարված զինծառայողների վերադարձի հարցով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է Խծաբերդից գերեվարված շիրակցի զինծառայողների վերադարձի հարցերով զբաղվող Բորիս Ավագյանը։

«Վաղը լինելու են եռակողմ բանակցություններ ՌԴ ՊՆ-ում, որին մասնակցելու են ՀՀ Պաշտպանության նախարարության և ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, նաև գեներալ Մուրադովը։ Այդ բանակցություններից հետո հնարավոր կլինի տալ գնահատականներ, թե իրավիճակն ինչպես է ընթանում։ Խծաբերդից գերեվարվածների հարցը ընդհանուր ծրագրի մեջ է»։

Ավագյանը հույս է հայտնել, որ հանդիպումից հետո գերիների վերադարձի գործընթացը կարագանա՝ նշելով, որ մեծ հույսեր ունի հատկապես ՌԴ աջակցության վրա։

Ըստ նրա՝ վաղը կայանալիք բանակցություններում կքննարկվի նաև ՀՀ տարածքից գերեվարված վեց զինծառայողի վերադարձի հարցը, պահանջներից մեկը լինելու է, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ։

Ավագյանը նշեց, որ տղաների մասին տեղեկություններ են ստացվել, հայտնի է նաև նրանց գտնվելու վայրը՝ զինծառայողները պահվում են Բաքվում։

Հիշեցնենք, որ մեր զինվորները գերեվարվել են ՀՀ տարածքից՝ Գեղարքունիքից՝ մայիսի 27-ին։

ՌԴ-ում եռակողմ բանակցություններում Բորիս Ավագյանը ներկա չի լինելու, քանի որ Հայաստանը վերջինիս նման մանդատ չի տվել, սակայն նշեց, որ գերեվարված զինծառայողների հարազատների հետ մշտական կապի մեջ է։ Վերջիններս արձագանքել են, պատմել բոլոր խնդիրների մասին ու պահանջել, որ իշխանությունները տան այնպիսի մանդատ, որպեսզի Ավագյանը կարողանա բանակցել եռակողմ բանակցությունների ժամանակ, բայց մինչև օրս ՀՀ իշխանությունները չեն արձագանքել։

Տեսանյութեր

Լրահոս