Կոնվերս բանկը «Երգով ու սիրով» փառատոնի աջակիցն է
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է «Երգով ու սիրով» փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ:
«Սահմանն ուժեղ է առաջին հերթին իր բնակիչներով: «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի հիմնական նպատակը սահմանամերձ բնակավայրերի երեխաներին գոտեպնդելն ու ոգևորելն է: Սա յուրաքանչյուրիս պարտքն է: Նրանցից յուրաքանչյուրը պիտի վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է, որ մենք իրենց հետ ենք: Մյուս կողմից, սա սահմանին ապրող երեխաների ձայնը լսելի դարձնելու, նրանց մասին եւս մեկ անգամ խոսելու հիանալի հնարավորություն է »,-ասում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
Նախագիծը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան իրականացնում է ԿԳՄՍՆ հետ համատեղ: Ֆինանսական աջակիցն է Կոնվերս Բանկը:
«Պատասխանատու բիզնեսի դերն ու նշանակությունը մշակույթի, գիտության, կրթության հանրայնացման, զարգացման հարցերում շատ մեծ է: Որքան մեծ լինի բիզնեսի հետաքրքրությունը մշակութային նախաձեռնությունների նկատմամբ, այնքան մեծ է այս ոլորտում հաջողելու, հետաքրքիր երկարաժամկետ նախագծեր իրականացնելու հնարավորությունը, որոնք կհագեցնեն «մշակութային սովը», և որոնց շնորհիվ մշակութային արժեքներ կստեղծվեն: Հուսով եմ, այս հարցում Կոնվերս Բանկի հետ եւս համագործակցությունը շարունակական կլինի»,-ասել է մաեստրո Հեքեքյանը:
Այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի կունենա Արցախի փառատոնի եզրափակիչ համերգը՝ մոտ 170 երեխաների մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում հաջորդ համերգը կկայանա հունիսի 3-ին՝ Կապանում:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: