«Պետք է արմատախիլ անել «նիկոլիզմն» իր բոլոր դրսևորումներով»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք հիմա հայրենիքի կորստի առաջ ենք, իսկ ամենավատն այն է, որ մեր հասարակությունը չի կարողանում ընկալել պահի լրջությունը և չի զգում իր ինքնապաշտպանական բնազդը: Այդ բնազդը բթացել է մեր ժողովրդի մոտ, ու նա չի զգում, որ կանգնած է ոչ միայն պետականության կորստի, այլ բնաջնջման առաջ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Մի շատ պարզ բանաձև կա. «նիկոլիզմը» հավասար է պանթուրքիզմին: Չես ցանկանում պանթուրքիզմն իրականանա, արմատախիլ արա «նիկոլիզմը», քանի որ «նիկոլիզմը» ոչնչացնող վիրուս է: Նրանք նաև մեզ են քանդել. այսօր բարեկամը բարեկամի, եղբայրը՝ քրոջ, ընկերն ընկերոջ հետ խնդիր ունի: Վիրավորված, նեղացած են միմյանցից ազգադավ քաղաքականության պատճառով: Հասարակությանը թունավորել են, բաժանարար գծեր են տարել: Հասարակությանը թունավորել են նաև կեղծ քարոզչությամբ: 2018 թ.-ին, երբ սրանք եկան իշխանության, «սիրո և համերաշխության հեղափոխության» էությունը պարզ էր: Սեր գոռալով՝ ատելություն էին տարածում, ազգային գոռալով՝ թրքասիրություն էին փառաբանում, հայրենիք գոռալով՝ մարդկանց սևերի ու սպիտակների էին բաժանում, հավատ գոռալով՝ Վեհափառի դեմ ոտնձգություններ էին անում: Ի վերջո, Արցախ ասելով՝ թշնամուն կիրթ ու կառուցողական էին համարում: Հիմա այդ ամենի պատճառով ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Գ. Գևորգյանը՝ նշելով, որ այսօր ունենք մասնատված, ջլատված հասարակություն:

Անդրադառնալով նաև սահմանային վերջին զարգացումներին՝ Գևորգ Գևորգյանը հավելեց. «Թուրքը մտնում է մեր պետական սահման, երկրի թիվ մեկ պատասխանատուն ասում է՝ մենք խաղաղասեր ենք: Ինքը քանդում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Ինքը անգամ պետության մեջ է քանդում փոխհարաբերությունները: Ի՞նչ է ասում: Ասում է՝ զինծառայողները ոչ թե գերեվարված, այլ առևանգված են: Սա աբսուրդի շարունակությունն է: Աբսուրդը շարունակում է, ու դրա հետ մեկտեղ մեղադրում է ՀԱՊԿ-ին: Ինքը, բացի իրենից, բոլորին է մեղադրում, նա պատասխանտու չէ երկրի համար: Իսկ ո՞րն է նպատակը: Մի քանի կետից բաղկացած հստակ ծրագրեր ունի: Հիշենք, որ վեց ամիս ժամանակ ինքն էր խնդրել: Սա պլան էր, կոնկրետ աշխատանքային գործընթացի պլան: Բայց իրենք պարզապես կամակատարներ են: Հայտարարում է վեց ամիս ու վեց ամիս հետո ասում է՝ հունիսի 20-ին պատրաստ ենք գնալ ընտրությունների: Իրականում մինչև հունիսի 20-ը փորձում է սահմանազատման անվան տակ Հայաստանի հյուսիսային և հարավային հատվածը հանձնել թշնամուն: Երկրորդ՝ Հայաստանը դարձնել ռուս-թուրքական ռազմական բախման կիզակետ: Երրորդ՝ ստորագրել Հայաստանի կապիտուլ յացիայի փաստաթուղթը: Մեծ հաշվով, երբ չունես բանակ, ունես մասնատված հասարակություն, որի ինքնապաշտպանական բնազդն անգամ չի աշխատում, իսկ պետական ինստիտուտները ոչնչացված են, սրանից հետո փաստացի ստորագրում ես ՀՀ կապիտուլյացիաի փաստաթուղթը»:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ սա ՀՀ-ի վերջնական կործանման ճանապարհն է: «Մենք այլևս ժամանակ չունենք. կա՛մ հիմա ենք լուծում մեր խնդիրը, կա՛մ այլևս չենք լուծելու այն: Իսկ եթե ուզում ենք, որ պանթուրքիզմ չլինի ու ՀՀ-ն կապիտուլ յացիայի չենթարկվի, պետք է արմատախիլ անել «նիկոլիզմն» իր բոլոր դրսևորումներով: Մենք պետք է փրկենք մերը. մեր պետականության նկատմամբ սերը, մեր ազգային գաղափարաբանությունը և այսպես շարունակ: Հայաստանի ներկայիս վիճակն ապիկար իշխանության վարած քաղաքականության պատճառով աղետալի է: Երբ մենք կանգնած են հայոց պետականության կորստի առջև, կարևոր է ըմբռնել մայիսյան հերոսամարտերի խորհուրդն ու սերտել նրանց պատմական դասերը, նույն համախմբվածությունը և ազգային ոգու կանչը՝ նաև ոտքի կանգնելու իմաստով: Ես համոզված եմ՝ ժողովուրդն ուղղելու է իր մեջքն ու ականատես է լինելու նորանոր հաղթանակների ու հրաշքների, քանի որ «երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»»,-եզրափակեց Գ. Գևորգյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս