Բաժիններ՝

Դանակահարություն գարեջրատանը. մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գարեջրատան հետնամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 25-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նույն քաղաքի բնակչի գոտկային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Երիտասարդը ինքնակամ ներկայացել է իրավապահներին և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առգրավվել են հագուստներ, հարցաքննվել մի շարք անձինք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս