ԱԳՆ-ի «Արմենիա» կայքի անվանումով կեղծ էջը Ֆեյսբուքում ատելություն և վիրավորանք է տարածում
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ բովանդակությամբ գրառում էր կատարել. «Դուք տեղյա՞կ եք, որ էս աղբանոցը պատկանում է ՀՀ ԱԳՆ-ին, տեղադրված է ՀՀ կառավարական հոստինգում և ֆինանսավորվում է ՀՀ պետբյուջեից»: Գրառմանը նա կցել էր «Արմենիա» կայքի հասցեն, և նույն անվանումով ֆեյսբուքյան էջ, որը տարածում է ընդդիմադիր գործիչներին վիրավորող և պիտակավորող տեղեկատվություն, գեներացնում ատելություն:
168.am-ը ԱԳՆ-ից փորձեց պարզել, թե արդյո՞ք ֆեյսբուքյան և թվիթերյան այդ էջերը կապ ունեն «Արմենիա» կայքի հետ: ԱԳՆ-ից մեզ տեղեկացրին, որ այդ հարթակներից որևէ մեկը արտաքին գերատեսչությանը չի պատկանում.
«ԱԳՆ թվային դիվանատության պատասխանատուների կողմից վարվում են «Արմենիա» պաշտոնական հաշիվները Ֆեյսբուքի, Թվիթերի և Ինստագրամի հարթակներում: Բոլոր էջերը ունեն հաստատված կարգավիճակ»:
Ստացվում է, որ «Արմենիա» կայքի անվանումով բացվել է կեղծ էջ՝ Ֆեյսբուքում, որը տարածում է բացառապես ատելություն և վիրավորանք՝ ուղղված ընդդիմադիր գործիչներին: