Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննությունը կսկսվի դեկտեմբերի 24-ին
Դեկտեմբերի 24-ին կսկսվի սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննությունը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ: Այդ մասին տեղեկացնում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը:
Սերոբ Բոզոյանը վերաքննիչ բողոքում միջնորդել է մասնակիորեն բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ նշանակված պատժի մասով (գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով, այսինքն՝ ամբաստանյալը լիովին ընդունել է մեղադրանքը և դրա հիմքում ընկած ապացույցները, ուստի կարող է բողոքարկվել միայն պատժաչափի մասով):
Սերոբ Բոզոյանը միջնորդում է իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կամ ազատազրկում նշանակելու դեպքում՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ի դատավճռով Սերոբ Բոզոյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով` 2 տարի ժամկետով զրկելով նրան կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից:
Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը՝ Երևանի Հանրապետության հրապարակում նախընտրական միջոցառման ժամանակ 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ գազալցված փուչիկների բռնկվելու ու պայթելու հետևանքով: